Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցերով դիտորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը հոկտեմբերի 28-ին իր խորին մտահոգությունն է արտահայտել երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Նրա հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հյուսիսային Կորեայում աշխատողներին համակարգված կերպով երկրից դուրս են ուղարկում` հարկադիր աշխատանք կատարելու: Այս մասին գրում է Jurist պարբերականը:
Դարուսմանի զեկույցում, որը նա ներկայացրել է հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նշվում է, որ ներկայումս մոտ 50.000 մարդ է ուղարկվել արտասահման, մասնավորապես Չինաստան, Ռուսաստան և որոշ միջին արևելյան երկրներ: Համաձայն զեկույցի՝ աշխատողներին ստիպում են աշխատել օրական 20 ժամ և հանգստանալ միայն ամիսը 1-2 անգամ: Նաև նշվում է, որ գործատուները աշխատողներին վճարում են ամսական 120-150 դոլար, սակայն շատ ավելի մեծ գումար են վճարում աշխատողներին ուղարկող Հյուսիսային Կորեայի իշխանություններին:
Դարուսմանը գտնում է, որ երկրում նման գործողությունների գլխավոր պատճառն արտարժութային շահույթի վերաբերյալ ՄԱԿ-ի կիրառած պատժամիջոցների շրջանցումն է:
Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների շուրջ մտահոգությունն առկա է տարիներ շարունակ: Համաձայն հաղորդման՝ ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունը կարգադրել է մահապատժի ենթարկել 15 պետական պաշտոնյայի: Դարուսմանը նոյեմբերին հայտնել է, որ արդեն բավարար ապացույցներ կան՝ Կիմ Յոնգին պատասխանատվության ենթարկելու երկրում տեղի ունեցած և մարդու իրավունքները խախտող զանգվածային դաժանությունների համար: Այդ մտահոգություններին ի պատասխան, ՄԱԿ-ը հունիսին նոր գրասենյակ է բացել Սեուլում Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանությունը վերահսկելու հատուկ նպատակով: