Այսօր կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը. «2016-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ պայմանավորված արտաքին զարգացումներով»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքով, 2016-ի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճը նախատեսվում է 2,2 տոկոս, գնաճը 12 ամիսների ընթացքում կլինի +/- 4.15 տոկոս, բյուջեի պակասորդը ՀՆԱ-ի 3.5 տոկոսը: Պետական պարտքի մակարդակը կանխատեսվում է 5 միլիարդ 565 միլիոն դոլար, որի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին՝ և այդպիսով կմոտենա ընդհանուր արտաքին պարտքի չափի 50 տոկոսին:
Պավել Սաֆարյանը նշեց, որ բյուջեի եկամուտների մասով մուտքերը կկազմեն են 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 373 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 193 միլիարդ դրամ: Եկամուտների ծավալում մեծ կշիռ կունենան հարկերն ու տուրքերը՝ 95.4 տոկոս՝ 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ:
2016-ի նախագծով ծախսերի գերակշիռ մասը՝ 90.1 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 9.9 տոկոսը՝ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը: Բյուջեի ծախսային մասը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 58 միլիարդ դրամով:
Պավել Սաֆարյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի մեծ մասը հատկացվել է սոցիալիալական բնագավառին՝ շուրջ 47,3 տոկոսը: Պաշտպանության, հասարակական կարգի պհապանության, ազգային անվտանգության ոլորտին ուղղված ծախսերի ծավալը՝ 20,8 տոկոս է, տնեսական ճյուղերի ծախսերը՝ 10.6, պետական պարտքի սպասարկման ծասխերը՝ 7.2, ՏԻՄ-երի աջակցությունը՝ 3.5 տոկոս:
Սոցիալական պաշտպանության համար նախատեսված է ծախսերի 7.2 տոկոսը. ի տարբերություն այս տարվա, 4 տոկոսով՝ 15 միլիարդ դրամով ավելի գումար է հատակցվելու այս ոլորտին, ինչը պայմանավորված է հիմնականում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ և նաև նրանով, որ հաջորդ տարվանից միանվագ մայրության նպաստ են ստանալու նաև չաշխատող կանայք, նախատեսվում է ծնելիության աճ և, հետևաբար, նաև միանվագ մայրական նպաստ վճարելու կարիքն է մեծանալու: Իսկ ահա կենսաթոշակները չեն վերանայվել և, ըստ էության, բարձրացում չի նախատեսվում: