Թանկացնելու են մեքենայի գազով լիցքավորումը, բենզինը, ծխախոտը և խմիչքը. «քերում, քերթում են ժողովրդին»

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ին վավերացրեց 86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայնով:

Այս նախագծով կբարձրանա ալկոհոլի, ծխախոտի, բենզինի և ավտոմեքենայի գազի գինը: Կառավարությունը նախագիծը ներկայացրել էր, որպեսզի կատարի իր պարտականությունները ԵՏՄ-ի հանդեպ:

Օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում լուրջ խնդիրներ կունենան տեղական արտադրողները: Անդրադառնալով նախագծին ԱԺ-ում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշել, որ այս նախագծով ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ մտնելիս որևէ դրական առաջընթաց չի լինի մեր տնտեսության մեջ. «Գազը շուկայում, որ թանկանում է, մեխանիկորեն բենզինը շուկայում թանկացվում է, որ բենզին էլ գնվի ու ընդհակառակը: Հիմա գազի հետ կապված հանրային տրանսպորտը թանկանալու է: Այս պարագայում հանրային տրանսպորտի գինը նույնպես թանկանալու է»,- նշեց նա՝ եզրահանգելով, որ սա փայլուն օրինակ է՝ ապացուցելու բոլոր նրանց փուջ խոսքերը, թե ԵՏՄ մտնելով տնտեսությունն առաջընթաց կարձանագրի:

ՕԵԿ պատգամավոր Հեղին Բիշարյանը նշեց, որ այս քայլի արդյունքում տրանսպորտի գինը կդառնա 200 դրամ. «Ակնհայտ մենք ամեն ինչ տանում ենք թանկացման, որից տուժելու է ժողովուրդը: Սա ակնհայտ բերելու է բոլոր տեսակի ապրանքատեսակների թանկացմանը: Հիմա քերում, քերթում են ժողովրդին, որ հանկարծ մի դրամ ավելի որևէ մեկը եկամուտ չունենա»,- շեշտեց պատգամավորը:

Ըստ պատգամավորների հաշվարկի՝ գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, 7 դրամով՝ բենզինի լիտրը, 10 տոկոսով էլ կբարձրանան ծխախոտի և խմիչքի հարկերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ շահութաբերության մակարդակները թույլ է տալիս, որ գների բարձրացում գազով և բենզինով օգտվող տրանսպորտային միջոցների համար տեղի չեն ունենա, ընդ որում, նա ոչ թե պնդեց կամ համոզմունք հայտնեց, այլ ընդամենը մեկ բառով կարծիք հայտնեց:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները որոշակի ազդեցություն կարող են ունենալ ինչպես ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնող տնտեսվարողների, այնպես էլ գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող տնտեսվարողների համար` ավելացնելով ինչպես քաղաքացի, այնպես էլ  տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող սպառողների ծախսերը:

Այս հանգամանքը ՝ արձանագրել է կառավարությունը համապատասխան եզրակացությունում, սակայն ըստ էության նրան դա ամենևին էլ չի մտահոգում, փոխարենը գործադիրում վստահ են, որ նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունումը բխում է ԱՄՀ երկարաձգվող ծրագրի երկրորդ հերթական ստուգման շրջանակներում մտադրությունների մասին նամակով ՀՀ ստանձնած պարտավորությունների  կատարումից:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ թանկացումները կառավարությունը կիրականացնի հաջորդ տարվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել