Ե՞րբ կվերաբացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը. պարզաբանում է նախարարը

Ցմահ ազատազրկվածների թեման հասարակությունում առկա ամենազգայուն թեմաներից մեկն է: Գտնում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Սա երկսայր սրի է նման, իրականում ցմահ ազատազրկվածներից շատերը օրինական դատավճիռներով դատապարտված են չափազանց ծանր հանցագործության համար»,- այսօր ԱԺ-ում խորհրդարան և կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի այն հարցին, թե ի՞նչ լուծում է նախարարությունը պատրաստվում տալ ցմահների գործերի վերաբացման և նրանց վատթար պայմանների խնդրին:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ գործերի վերաբացումը դատարանի իրավասությունն է և նա՝ որպես արդարադատության նախարար տեղին չի համարում գնահատական տալ ցմահների գործերի վերաբացման հարցին:

Խոսելով քրեակատարողական հիմնարկների պայմաններից՝ նախարարը շեշտեց, որ շուտով նախատեսվում է վերաբացել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը. «Չեմ ուզում ասել, որ սա իդեալական կամ ամբողջական լուծում է, բայց կարձանագրեմ, որ հիմնարկի վերաբացմամբ 90 տոկոսով կլուծի փակ և կիսափակ ռեժիմների խնդիրը: Հիմնարկը կվերաբացենք դեկտեմբերին, տեղաբաշխումը կարծում եմ, որ կսկսվի մյուս տարվա սկզբից»,- նշեց նա:

Բացի այդ նախարարը նշեց, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի մի օրենսդրական նախագիծ, որը նպատակ ունի կրկնապատկել երկարատև և կարճատև տեսակցությունների քանակը:

Նախարարը նաև ասաց, որ գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում ցմահների ռեժիմը փոխելու ուղղությամբ. «2015թ. ընթացքում արդեն 9-րդ դատապարտյալը փակ ռեժիմից տեղափոխվում է կիսափակ ուղղիչ ռեժիմ: Քայլերը շարունակական են»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել