«Ես պահանջում եմ, որ բոլոր ֆինանսական չարաշահումները ներկայացնեն». Նիկոլայ Բաղդասարյան 

Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ է պատասխանել Մելանյա Առուստամյանի բոլոր հարցադրումներին, սակայն հայտնի դեպքերից հետո միանգամից պատասխանեմ Արա Զոհրաբյանին: Կարծում եմ արդեն կարիք չկա երրորդ անձանց միջոցով խոսել: Իրավաբան.net-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տիկին Առուստամյանի կողմից հնչեցված հայտարարությանն՝ ասաց փաստաբանը: Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ՓՊ խորհրդի անդամը մեր պատասխանել էր պարոն Բաղդասարյանին՝ նշելով, որ կարող հարցեր ուղղել Փաստաբանական դպրոցի տնօրենի նշանակման իրավաչափության, դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության և դպրոցի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպման մասին:

Խոսելով Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնին նշանակվելու հանգամանքից, պարոն Բաղդասարյանն ասաց. «Ե՛վ կանոնադրությամբ, և՛ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր չափանիշներին ես համապատասխանել եմ: Ընդ որում՝ նշանակման ընթացակարգն անցել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից, առաջարկել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ու խորհուրդը, եթե չեմ սխալվում միաձայն քվեարկել է իմ թեկնածության օգտին: Գրեթե նույն կարգով նշանակվել է այսօրվա դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, տարբերությունը կայանում է միայն նրանում, որ նրա թեկնածությունը առաջարկել է Արա Զոհրաբյանը որպես ՀՀ փաստաբանների դպրոցի խորհրդի նախագահ և ՀՀ փաստաբանների դպրոցի խորհուրդն է որոշում կայացրել: Ես ուղղակի պահանջում եմ, որ Արա Զոհրաբյանը ներկայացնի այն իրավական ակտը համաձայն որի իմ նշանակումը եղել է ոչ իրավաչափ»:

Ըստ պարոն Բաղդասարյանի՝ երբ նա Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել է երկու հերթական աուդիտ, որոնց արդյունքներով ապացուցվել է, որ որևէ խախտում չի գրանցվել. «Աուդիտական ստուգման ժամանակ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ նշանակվել էր երրորդ աուդիտորական ստուգումը, որի համար պալատի բյուջեից վճարել էր շուրջ մեկ միլիոն դրամ, հստակ գումարի չափը չեմ հիշում, և նա էր ընտրել  աուդիտորական ընկերությանը, ով պետք է կատարեր երրորդ աուդիտորական ստուգումը: Ստուգումը պետք է կատարվեր պարզելու համար ՀՀ փաստաբանների պալատ և դպրոց փոխհարաբերությունները, սակայն ստուգվել են ՀՀ փաստաբանական դպրոցի ամբողջ ֆինանսական գործունեությունը: Ես այդպես էլ եզրակացությունը չեմ տեսել, սակայն Արայից իմացա, որ որևէ չարաշահումներ չեն հայտնաբերել: Նշեմ, որ այդ աստիճանի մանրազննին ստուգում չեմ տեսել, այն դեպքում, որ նույն ժամանակահատվածում այլ աուդիտորական ընկերություն իրականացնում էր ստուգում, և դրա համար արդեն իսկ վճարում կատարել էինք: Կարող եք ասել մեկ կազմակերպություն, ում միաժամանակ երկու աուդիտորական ընկերություն ստուգում են անցկացնում, հավելեմ, որ այդ նույն ժամանակահատվածում Արա Զոհրաբյանը ստեղծել էր մի հանաձնաժողով` Սիմոն Բաբայանի գլխավորությամբ, ով ստուգում էին դպրոցի ուսումնական գործընթացը:  Ստուգումների մի տարափ էր, որն էլ զուգորդվում էր մամուլի հրապարակումներով, հետո հասկանալի դարձավ, թե ում կողմից էին կազմակերպվում այդ հրապարակումները: Չնայած նրան, որ աուդիտորական կազմակերպությունները որևէ չարաշահումներ չեն հայտնաբերել, լրատվական կայքերից մեկում հրապարակվել էր, որ ՀՀ փաստաբանների պալատը ստացել է աուդիտորական եզրակացություն, համաձայն որի ես թույլ եմ տվել ֆինանսական չարաշահումներ: Ես արդեն իսկ ասել եմ, որ այդ հարցով դիմել եմ պալատի մամլու խաոսնակին, իսկ նա ներկայացրել է ինձ որ նման եզրակացություն ստացվել է և այդ մասին իրեն ասել է Արա Զոհրաբյանն, Արա Զոհրաբյանն իր հերթին հերքել է այդ տեղեկատվությունը իր կողմից տրամադրելու փաստը և իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նման բան չի եղել: Ես ուղղակի պահանջում եմ, որ Արան, ցանկացած փաստաբանի կամ այլ անձի միջոցով կամ անձամբ խոսի իմ կողմից թույլ տրված չարաշահումների մասին»,- նշեց փաստաբանը՝ դեռ ավելին հավաստիացրեց, որ ՀՀ փաստաբանական պալատի և դպրոցի շենքի շինարարության վրա անձամբ է սեփական գումարները ներդրել, մեր զրուցակից հավելեց, որ չի հերքում, որ Փաստաբանների պալատի շինարարությունն ավարտելու համար անձնական միջոցներից ներդրումներ է արել նաև Արա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է դպրոցի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպմանը, ապա Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, որ ուսումնական ծրագրերը և կարգերը, որոնց հիման վրա կազմակերպվել է ուսուցումը մշակվել է եվրոպացի փորձագետների կողմից և դրա մասին շատ լավ գիտի Արա Զոհրաբյանը: «Ես ինքս եմ շատ դժգոհ եղել այդ ուսումնական ծրագրերից և կարգերից և կարողացել եմ դրանք վեց ամսվա մեջ շտկել: ՀՀ փաստաբանական դպրոցի ստեղծումը ամբողջությամբ ֆինանսավորվել էր ԵԽ և ԵՄ-ի կողմից, ապա ուսումնական ծրագրերի սկզբում հիմք ընդունվեց եվրոպական փորձագետների կողմից կազմված ուսումնական այդ գործընթացը: Ցավում եմ, որ կային ունկնդիրներ, որոնք օգնելու փոխարեն, ամեն գնով փորձում էին խոչընդոտել գործընթացին, թեև հետագայում պարզվեց իրական պատճառները:

Ես պատրաստ եմ ամեն օր պատասխանել Արա Զոհրաբյանի բարձրացրած հարցերին, ում միջոցով ուզում է այն բարձրացնի, բայց նա էլ պետք է պատրաստ լինի, որ ես ի վերջո կդիմեմ ոստիկանություն պարզելու ով է իմ դեմ պատվիրել հոդված, որ ես չարաշահումներ եմ թույլ տվել, չէ որ դա ակնհայտ սուտ մատնություն է և եթե, ինչպես նա է պնդում որ կապ չունի, հետևաբար առաջակում եմ երկուսով ստորագրել այդ դիմումի տակ և հանձնել ոստիկանությանը, չէ որ նա որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պետք է շահագրգռված լինի ճշմարտության բացահայտման մեջ, թող ոստիկանությունը պարզի ինչ է եղել, ով է ՀՀ փաստաբանների պալատի անդամին փորձել մեղադրել հանցագործություններ կատարելու մեջ, ես էլ իմ հերթին խոստանում եմ տալ ցուցմունք և նշել, թե ով ինչ է ինձ ասել, այդ թվում Հայկի պատասխանը: Ցավում եմ, որ նման սխալ մարտավարություն է ընտրել պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, երբ տարբեր անձանց միջոցով փաստաբաններին փորձում է վարկաբեկել, այս անգամ Մելանյա Առուստամյանի միջոցով է հարցադրումներ բարձրացնում, մի մարդ ով բացարձակապես տեղյակ չի եղել ՀՀ փաստաբանական դպրոցի մասին, մի մարդ, ով աչքով տեսած չկա դպրոցի որևէ հաշվապահական փաստաթուղթ: Չեմ ուզում շարունակել հիմնավորումներս, թե ինչու հոդվածի հեղինակը չի կարող լինել Մելանյա Առուստամյանը, ով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն է, սակայն համոզված եմ, որ նման հոդվածները հրապարակելիս ոչ մի կերպ չեն խոսում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի այն հայտարարությունների անկեղծության մասին, որ նա կոչ է անում չվնասել փաստաբանական ինստիտուտը: Մելանյա Առուստամյանի հոդվածը որքանով է համահունչ այդ կոչին, թողնում եմ Ձեր գնահատականին»,- պատասխանեց փաստաբան Նիկոլայ  Բաղդասարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել