«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Արա Կարագյոզյանը տարբեր լրատվամիջոցներից լսել է, որ հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների դեմ «Խուլիգանության» հոդվածով հարուցված քրեական գործը վերաբացվել է, սակայն ըստ նրա՝ առ այսօր որևէ մեղադրյալ չկա. «Այսինքն՝ այդ գործն ի վերուստ փաստի առիթով է եղել, ու մինչև հիմա ոչ մի ակտիվիստի կամ քաղաքացու դեմ քրեական գործ չի հարուցվել: «Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ սա անօրինական հարուցված քրեական գործ է»,- նշում է Արան:
Թե ինչո՞ւ վերաբացվեց գործը, իրավաբանը պայմանավորում է մեկ հանգամանքով. «Սա կապված է Սահմանադրական փոփոխությունների հետ, ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ տեսնելով՝ կարող է իրենց դեմ էլ քրեական գործ հարուցվի, դուրս չգան պայքարի, միակ նպատակն սա է, իմ կարծիքով»:
Նախաձեռնությունը սպասվում է նախաքննության ավարտին. «Իրանք լավ հասկանում են, որ խուլիգանության սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կողմը բացակայում է»,- եզրափակեց իրավաբանը: