38-ամյա Արկադի Մարտիրոսյանը մեղադրվում է շուրջ 700-800 շիշ օղի կեղծելու և կեղծված ապրանքն իրացնելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա իրացման նպատակով կեղծ օղի պատրաստելու դիտավորությամբ2015թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Երևանի մի շարք խանութներից գնել է մոտ 200լ սպիրտ և խմելու ջուր, իսկ մթերային խանութներից կամ տարբեր հացատներից գնել է «Ավշար Իմպերսկայա» և «Ավշար Մոսկովսկայա» անվանումով օղիների դատարկ շշեր՝ իրենց խցաններով, որոնց վրա դեռևս առկա են եղել պատռված ակցիզային դրոշմանիշերը:
Այս ժամանակահատվածում 1լ սպիրտին խառնելով 1լ ջուր, ստացված հեղուկը լցրել է ընդհանուր թվով՝ մոտ 700-800 շիշ «Ավշար Մոսկովսկայա» , «Ավշար Իմպերսկայա» , «Բելինկա» անվանումով օղու դատարկ շշերի մեջ, որոնցից 20 հատ 0,7լ տարողությամբ «Ավշար Մոսկովսկայա» անվանումով օղու դատարկ շշերի մեջ, 600 հատ 0,5լ տարողությամբ «ՙԱվշար Իմպերսկայա» անվանումով օղու դատարկ շշերի մեջ, մոտ 100 հատ 0,5լ տարողությամբ «Բելինկա» անվանումով օղու դատարակ շշերի մեջ, որից հետո խցանների վրայի պատռված դրոշմապիտակները սոսնձել է և ՀՀ Արմավիրի, Վայոց Ձորի մարզերի, ինչպես նաև՝ ԼՂՀ տարբեր խանութներում իրացրել է կեղծ օղիները։
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: