Փաստաբան Վահե Գրիգորյանը ՓՊ նախագահին ուղղված հայտարարություն է տարածել

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում մի խումբ փաստաբանների անունից հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերում փաստաբանական համայնքում բարձրացված խնդիրների շուրջ: Ըստ հայտարարության՝

«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում և, առհասարակ, փաստաբանական համայնքում տեղ գտած մի շարք հակասական և խորը մտահոգություն առաջացնող զարգացումներ են տեղի ունենում:

Չնայած օրեցօր ջրի երես դուրս եկող տեղեկատվությունից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ լրջագույն այս խնդիրների արմատները ավելի հին պատմություն ունեն և չեն սահմանափակվում վերջին օրերի զարգացումներով, սակայն դրանք հատկապես սրությամբ արտահայտվել և արդեն իսկ սպառնում են հանրության շրջանում փաստաբանության, որպես ինքնակարգավորվող և ազատ մասնագիտության հեղինակությանը:

Մենք ուշադրությամբ և խորը անհանգստությամբ հետևել ենք իրադարձությունների զարգացմանը և ցավով պետք է արձանագրենք, որ այս ամենի շուրջ պատշաճ ձևաչափով քննարկումներ ծավալելու համար հարթակներ, հնարավորություն և առիթ ստեղծելու իր առաքելությանը հակառակ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից ոմանք դեռ համառորեն շարունակում են լարել իրավիճակը՝ առանց նվազագույն իսկ պատասխանատվության զգացումի իրենց խոսքերի և արտահայտությունների համար, ինչով մի կողմից ստվերում են մեր համայնքի մասնագիտական համբավը, իսկ մյուս կողմից՝ ակնհայտորեն լծվել են մեր համայնքում թվացյալ հակառակորդներ նշմարելու և նրանց դեմ արշավներ ձեռնարկելու գործին:

Մենք թույլ չենք տալու, որ որևէ նկատառում գերակայի որևէ փաստաբանի նկատմամբ իրականացվող ընթացակարգի արդարության և մեր համայնքի ինքնակարգավորման նպատակների նկատմամբ:
Մենք անհանդուրժելի ենք համարում մանավանդ վերջին օրերին դրսևորված, սակայն փաստաբանների պալատում բավական ժամանակ արդեն ձևավորված այն պրակտիկան, երբ.

– Պալատի վարչական աշխատակիցները ներգրավվում են պալատի նախագահի կամ դրա մարմինների հասցեին հնչեցված քննադատության հեղինակ փաստաբանների դեմ քարոզչական արշավներում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում: Ի դեպ հենց այս պատճառով մեր շատ գործընկերներ դադարեցրել են իրենց մասնակցությունը ֆեյսբուքյան “ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ” մասնագիտական խմբում՝ այնտեղ քննարկումների ընթացքում վիրավորանքների և անվայել բանավեճի, նվազագույն էթիկական և տարրական քաղաքավարության կանոնների անտեսման պատճառով.

– Պալատի լրատվական ծառայության խնդիրներ իրականացնելու պարտականություն ունեցող աշխատակիցը, ըստ այս 14/10/2015թ.-ին հրապարակված հայտարարության և իր կողմից դրան նույն օրը տրված պատասխանի, մեր գործընկերների վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր հրապարակելու անպարկեշտ և անընդունելի մեթոդների գործադրմամբ (ուրիշի անունից եւ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը) գործունեություն է ծավալել:

– Ընդ որում, վերջին դեպքի առնչությամբ կատարված հայտարարությունը պարունակում է նաև այդ միջադեպին պալատի նախագահի ուղղակի առնչության մասին տեղեկատվություն, ինչի կապակցությամբ մենք առ այսօր որևէ պարզաբանում չենք ստացել հենց պալատի նախագահի կողմից:

Մեր գործընկերներ Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի կարգապահական վարույթի գործի վերաբերյալ դիրքորոշումը կհետևի համապատասխան որոշման հրապարակմանը, եթե նման անհրաժեշտություն գտնենք որոշման ուսումնասիրությունից հետո:

Այս հայտարարության նպատակը սույն խնդիրների, այլ ոչ մեզ համար դեռ անհասկանալի այլ նպատակների վրա փաստաբանների պալատի ղեկավարության ուշադրությունը հրավիրելն է և դրանց լուծումների ուղղությամբ շուտափույթ միջոցներ ձեռնարկելը, ի թիվս այլոց և առնվազն՝

1. Հրապարակային պարզաբանումներ ներկայացնել պալատի վարչական պաշտոններում (աշխատակազմում) ներգրավված անձանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ հայտարարված մրցույթների մասին, մասնավորապես՝ ինչու են ընտրվել հենց այդ անձինք նշված պաշտոնների համար, ինչ չափորոշիչներ են կիրառվել այդ նպատակով: Սա ներառում է նաև փաստաբանների պալատի նախագահի տեղակալների և խորհրդականների պաշտոնները: Այն որ այս պաշտոնների մեծամասնությունը պետք է համալրվեն բաց, թափանցիկ եւ արդար մրցույթների միջոցով այլեւս օրվա հրամայականն է. աշխատակազմի որեւէ աշխատակցի մոտ չպետք է կասկած մնա, որ նա փաստաբանների պալատում իր աշխատանքը ձեռք է բերել արդար, բաց եւ թափանցիկ մրցույթի միջոցով: Համապատասխանաբար, նա չպետք է իրեն պարտավորված համարի որեւէ մեկի նկատմամբ՝ այդ աշխատանքն ունենալու համար: Փաստաբանների պալատի պրոֆեսիոնալ աշխատակիցները պետք է ընտրվեն մերիտոկրատիկ սկզբունքով՝ իրենց մասնագիտական եւ բարոյական արժանիքների համապատասխանության, այլ ոչ՝ որեւէ մեկի քմահաճույքով կամ նրան հրապարակավ կամ այլ կերպ հայտնած լոյալության համար:

2. Հրապարակել փաստաբանների պալատի բոլոր աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նրանց պաշտոնական պարտականությունների ցանկը և պայմանագրի այլ էական պայմանները՝ բացառությամբ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների:

3. Եթե վերը նշված պայմանագրերում նախատեսված չեն անհատ փաստաբանների, փաստաբանների պալատի կամ փաստաբանական համայնքի հասցեին կամ վերաբերյալ արտահայտվելու զսպվածության պահանջներ (ինչն այդպես լինելու դեպքում՝ ակնհայտորեն պալատի ղեկավարության լուրջ բացթողումն է), դրանք պետք է անմիջապես ներառվեն՝ դրանց ներառելու միջոցի ընտրությունը հրապարակայնորեն պարզաբանվելով: Բոլոր այն աշխատակիցների հետ, որոնք կհրաժարվեն փաստաբանի և փաստաբանական համայնքի հասցեին արտահայտվելու զսպվածության պայմաններով աշխատանքային պայմանագրեր կնքել պալատի հետ, գործող պայմանագրերը պետք է դադարեցվեն, իհարկե Հայաստանի Հանրապետության օրենսդրության երաշխիքների պահպանմամբ: Ակնկալում ենք այս կապակցությամբ համապատասխան փոփոխությունների մասին պամանագրեր կնքելու կամ, դրանց կնքումից հրաժարվելու դեպքում, պալատի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու հետ կապված միջոցառումների համապարփակ ծրագիր՝ հստակ ժամանակացույցով:

4. Ակնկալում ենք մանրամասն հաշվետվություն/ուսումնասիրության արդյունքներ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի կողմից մեր գործընկերներ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ կատարելու մասին լրագրող Փայլակ Ֆահրադյանի այսօր՝ 14/10/2015թ.-ին կատարված հրապարակման վերաբերյալ:

5. Ակնկալում ենք պալատի նախագահ Ա. Զոհրաբյանի մանրամասն բացատրությունները նախորդ կետում նշված հայտարարությամբ իր՝ փաստաբանների վերաբերյալ նյութեր պատվիրելու միջադեպին հնարավոր մասնակցության մասին: Միաժամանակ նաև՝ պարզաբանումներ այն մասին, թե ինչ լրատվական քաղաքականություն է վարում փաստաբանների պալատն առհասարակ, ով է որոշում այդ քաղաքականության հիմնական ուղղությունները և ով է վերահսկում պալատի աշխատակազմի գործունեության այդ հատվածը:

6. Ակնկալում ենք մանրամասն պարզաբանումներ առ այն, թե ինչ միջոցներ են ի վերջո ձեռնարկվելու ազատվելու պալատի խորհրդի գործունեությունը խեղաթյուրող այն պրակտիկայից, երբ խորհրդի անդամը պալատում միաժամանակ զբաղեցնում է մեկ այլ պաշտոն, ինչն ակնհայտորեն կաթվածահար է արել պալատի խորհրդի կարևորագույն գործառույթներից մեկը՝ վերահսկողությունը վարչական գործառույթներ իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ: Ինչ ժամանակացույցով է այս պրակտիկան վերացվելու:

Վերը նշված 1-4 խնդիրների վերաբերյալ պալատի նախագահի արձագանքը ակնկալում ենք հնգօրյա ժամկետում: Հուսով ենք մեր կողմից բարձրացված հարցերի լրջությունն ամբողջությամբ գիտակցվել է և համարժեք պատասխանի կարժանանա: Մենք այլևս մտադիր չենք մեր անդամավճարներով պալատի աշխատակազմում պահել որևէ մեկին, որը պալատի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու փոխարեն և ի պատասխան պալատի ղեկավարության հասցեին նրա հնչեցրած քննադատական կարծիքի՝ որևէ փաստաբանի (այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրի) նկատմամբ քարոզչական արշավներով զբաղվի, տեղի ունեցածի լույսով՝ ամենայն հավանականությամբ հենց պալատի նախագահի գիտակցված թողտվությամբ:

Վերը նշված 4-րդ կետի կապակցությամբ, ի թիվս նախորդ պարբերությունում նշվածի, ակնկալում ենք Հայկ Հակոբյանի կողմից մեր գործընկերների վերաբերյալ վերը նշված նյութերը լրագրողին ուղարկած լինելու և դրանք հրապարակելու հորդորով կամ խնդրանքով դիմած լինելու մասին փաստերը հաստատվելու դեպքում՝ անմիջապես միջոցներ ձեռնարկել նրա հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության երաշխիքների պահպանմամբ և հայտարարել բաց և թափանցիկ ընթացակարգով մրցույթ՝ պալատի մամլո խոսնակի պաշտոնի համար: Սա պետք է դաս լինի յուրաքանչյուրի համար, որ փաստաբանների պալատը ոմանց նեղ անձնական կամ խմբային շահերի արտահայտման, ինտրիգների և ստվերային գործառույթների զարգացման ասպարեզ չի, և, որ այս պարզ իրողությունը չհասկացած կամ չընդունող որևէ մեկն այտեղ անելիք չունի: Այլապես, մենք ստիպված ենք լինելու լինելու եզրակացություն անել, որ մեր վճարած անդամավճարները, բավական չի որ չեն ծառայում իրենց նպատակին, դեռ մի բան էլ օգտագործվում են մեր մասնագիտության և համայնքի հեղինակության դեմ սանձարձակությունների վրա: Նման եզրահանգմամբ մենք ստիպված ենք լինելու հետագա գործողությունների ռազմավարություն բխեցնել՝ դրա հետևանքների պատասխանատվությունը թողնելով պալատի ղեկավարության վրա:

5-րդ կետով ակնկալված փաստաբանների պալատի նախագահի բացատրությունների մասով մենք ակնկալում ենք, որ իր ներկայացրած բացատրությունները կասկածի տեղ չեն թողնի առ այն, որ տեղի ունեցածը մշակված և իր կողմից իրականացվող հետևողական ծրագիր է եղել մեր գործընկեր փաստաբան(ներ)ի նկատմամբ: Եթե փաստաբանների պալատի նախագահը այդ միջադեպի հետ առնչություն չի ունեցել, ապա մենք ակնկալում ենք նրա կողմից փաստաբանի վերաբերյալ փաստաբանների պալատի մամլո խոսնակի կողմից նյութեր պատվիրելու գործելաոճի հրապարակային դատապարտում, որով և ինքն իրեն կտարանջատի այդ միջադեպին մասնակցելու իր վերաբերյալ կասկածներից: Այլապես, եթե նա չի պատշաճի ապահովել այս, ապա մինչ այսօր անձամբ իր լռությունն իսկ արդեն բավարար չափով խոսուն կդիտվի եղած տեղեկատվության շրջանակներում:

Ծանոթացել ենք փաստաբանների պալատի նախագահի՝ կողմերի հաշտությանն ուղղված կոչի բովանդակությանը և ցավով պետք է արձանագրենք, որ այն որևէ առարկայական անդրադարձ չունի տեղ գտած խնդիրների լուծմանը: Եթե այս ճգնաժամի համար հիմք ծառայած և վերջին օրերին կատարված բացահայտումների առանցքային դերակատարները չեն գտնելու իրենց արարքների համարժեք պատասխանը, ապա կատարված կոչերը վերածվելու են բովանդակազուրկ հայտարարությունների, որոնց կարիքը, համենայն դեպս մենք չենք զգում: Կարծում ենք, որ ավելորդ է մեկ անգամ ևս հիշեցնել այս իրավիճակում հաշտության կոչ անող ցանկացածին, որ “առանց արդարության խաղաղություն չի լինելու”:

6-րդ խնդրի կապակցությամբ ակնկալում ենք ոչ միայն փաստաբանների պալատի նախագահի, այլ նաև պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամի դիրքորոշումը՝ բարձրացված խնդրի վերաբերյալ: Մենք հատկապես ցանկանում ենք մատնանշել, որ նման հարցապնդումը ոչ թե ինչ մեկի քմահաճության հարցն է, այլ մեր պալատի արդյունավետ գործունեության կարևոր նախադրյալներից մեկին՝ պալատի խորհրդի անկախությանն ուղղված պահանջ: Իսկ, եթե որևէ մեկը սխալմամբ սա համարում է իր անձի դեմ ուղղված պահանջ, ապա դա միայն ու միայն իր ուռճացված ինքնագնահատականի արդյունքն է: Հուսով ենք այդպես մտածողներ չկան պալատի խորհրդում:

Մենք վստահ ենք մեր համայնքում խնդիրների լրջախոհաբար կարգավորման հնարավորությունների և ներուժի վրա և հուսով ենք, որ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները մեր սույն պահանջներին ի պատասխան համարժեք և գործուն բավարարում կտրամադրեն, ինչպես և իրենց պարտքն է:

Վերը նշված մի քանի խումբ խնդիրների լուծումն այն նվազագույն քայլն է, որ մենք այս պայմաններում տեսնում ենք պալատում առաջացած ճգնաժամի լուծման համար: Հուսով ենք, որ այս հնարավորությունը զուր չի վատնվի և անհեռատեսորեն առաջացրած այս ճգնաժամի հաղթահարումը համատեղ կարող ենք ծառայեցնել ի շահ մեր մասնագիտության և մասնագիտական համայնքի հեղինակությանը:

Վահե Գրիգորյան
Մուշեղ Շուշանյան
Արամ Կարախանյան
Արա Զաքարյան
Հովիկ Արսենյան
Ավետիք Իշխանյան»

 Հ.Գ.

Մինչ այս պահը հայտարարությանը միացել են նաև փաստաբաններ Դիանա Գրիգորյանը, Քրիստինա Գևորկյանը, Սյուզաննա Մովսեսյանը, Նորայր Հակոբյանը, Անի Գինոսյանը, Քրիստինա Բեյբությանը, Գրիշա Բալասանյանը, Արթուր Մելիքյանը, Հրանտ Դավթյանը, Անի Թորոսյանը, Լիպարիտ Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել