Համաձայն ՀՀ օրենսգրքի Համատիրության մասին օրենքի 1-ին գլխի 5-րդ հոդվածի՝ շենքի յուրաքանչյուր խնդրի լուծումը իրականացնում է համատիրությունը` վերելակների անսարքությունից մինչև դատական համակարգում բնակիչի շահերը պաշտպանելը. սրանք են համատիրության գործառույթները, որոնք շատ հաճախ ոչ միայն չեն իրականացվում, այլ նաև տեղի է ունենում հակառակը՝ քաղաքացիներն ընկնում են անհարկի դատական քաշքշուկների մեջ համատիրությունների վարած անարդյունավետ աշխատանքի արդյունքում:
Համատիրության նախագահին ընտրում է շենքի բնակչությունը, որն էլ իր հերթին պարտավորվում է բնակչի խնդրին արձագանքել և հնարավորության սահմաններում լուծել:
Ինչպես նշեց Շենգավիթ վարչական շրջանի «Հայկ» համատիրության հաշվապահ Նարինե Մինասյանը՝ համատիրության բյուջեն գոյանում է միայն բնակիչների կողմից վճարած բնակվարձի և աղբահանության գումարից, գրեթե բացակայում են բարեգործությունները, եթե չհաշվենք ամանորյա փաթեթներն ու նվերները անապահով բնակիչներին. «Յուրաքանչյուր բնակիչ վճարում է 20 դրամ 1քմ-ի համար, գումարած 200 դրամ աղբահանության դիմաց: Մերը սա է, ինչ ստանում ենք՝ ծախսում ենք տվյալ շենքի վրա, լուծում ենք ամեն հարց՝ փոխում ենք մուտքերի դռները, վերանորոգում ենք շքամուտքը, փոխում ջրամատակարարման խողովակները, մի խոսքով ամեն ինչ՝ ինչ կապված է բնակչի հոգսի հետ, անգամ բնակիչ ունենք, ում տղայի ուսման վարձն ենք մասնակի վճարել»,- ասաց մեր զրուցակիցը:
Օրենքով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր տարվա համար համատիրության նախագահը ընդհանուր ժողով է հրավիրում՝ ներկայացնելով այդ տարվա համատիրության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև համատիրության հաջորդ տարվա եկամուտները և ծախսերը՝ տարանջատելով պարտադիր նորմերի պահպանմանն ուղղված ծախսերը: Օրենքի այս կետին տիկին Մինասյանը չնայած իրազեկ էր, սակայն նշեց, որ չեն ներկայացնում բնակիչներին, քանի որ բնակիչների մեծ մասին դա այնքան էլ չի հետաքրքրում. «Հաշվետվություն, իհարկե, ներկայացնում ենք ամեն ամիս Թաղապետարանին, նշելով, թե մեկ ամսում ինչ գործունեություն ենք իրականացրել ամեն մի շենքի համար, տարվա վերջում էլ ամփոփիչ զեկույց ենք ներկայացնում, սակայն, բնակիչներին դա այնքան էլ չի հուզում՝ կարևորը իրենց խնդիրը լուծում ստանա, մնացածը՝ հեչ»,- նշեց համատիրության հաշվապահը:
«Ամբողջ շենքը առնետներ են, վախենում ենք դուռը բացել»
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկի մուտք ուղղակի անհնար է մտնել, քանի որ աղբի գարշահոտությունը տարածվում է հենց շքամուտքից: Բնակիչների բողոքը համատիրություն իզուր է եղել, քանի որ ինչպես բնակիչներն են փաստում՝ համատիրության անդամները անընդհատ ինչ-որ պատճառաբանությամբ և խոստումներով ճանապարհում են՝ ասելով, որ շուտով ամեն ինչ կլուծվի. «Ամեն անգամ գնում ենք մի քանի հոգով, էտքան սպասում ենք նախագահին, մեկ էլ մեկը հայտնվում ա, ասում, որ սպասենք իրենց աղբի մեքենաներին, որոնք այդպես էլ չեն գալիս: Ամբողջ շենքը առնետներ են, վախենում ենք դուռը բացել»,- նշում է բնակիչներից տիկին Զեփյուռը:
Գրեթե նույն պատկերն է Շենգավիթ վարչական շրջանի Եղ.Թադևոսյան նրբանցքի շենքերից մեկում, որտեղ բնակիչներին ուղղված այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն համատիրության գործունեության մասին, լսվեց շատ կտրուկ արձագանք. «Ինչի՞ մենք համատիրություն էլ ունենք, տենց բան վերջին 2 տարին չենք լսել: Մենք ենք մեր շենքի ամեն հարցով զբաղվում, ջրի խողովակ ենք փոխում, աղբի հարցերով ենք զբաղվում, մեր միջոցներով ներկում ենք շքամուտքի և հարկերի պատերը, էսքանից հետո էլ ի՞նչ համատիրություն»,- նշեց նրանցից Համլետ Գրիգորյանը: Այն հարցին, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում համատիրության նախագահին հեռացնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախագահը շատ մեծ թիկունք ունի, որն էլ թույլ չի տալիս հեռացնել իր պաշտոնից:
Փաստաբան Ծովինար Գրիգորյան բնակիչներին առաջարկում է հայց ներկայացնել համատիրության դեմ. «Նման դեպքեր շատ են եղել, համատիրությունը չի կատարում իրեն լիազորված պարտականությունները, ունի շատ բացթողումներ, որոնք այդպես էլ անլուծելի մնում են սկսած վերելակների անսարքությունից մինչև աղբահանությունը: Հենց այս դրույթներն են պատճառ հանդիսանում բազում դատական գործերին, որոնք մինչ այժմ էլ ընթացքի փուլում են»,- նշեց նա:
Շենքերի վերելակների անսարքություններ և հետևանքները
Երևանում բազմաբնակարան շենքերում հաշվառված է 4551 վերելակ, որոնց համար այս տարի Երևանի քաղաքապետարանը վարչական շրջաններին հատկացրել է մոտ 97 մլն. դրամ, ի պատասխան մեր հարցմանը նշեցին Երևանի քաղաքապետարանից:
Այս ամենին զուգահեռ, վերջին շրջանում արձանագրվել են վերելակների վայր ընկնելու մի շարք դեպքեր:
Շենքի բնակիչների բողոքը վերելակների հին լինելու փաստով համատիրությունում այլ արձագանք չի լինում, քան` «սպասեք Քաղաքապետարանի պատասխանին»: Սակայն սպասել չեն կարողանում, քանի որ ինչպես նշում է Շենգավիթ համայնքի բարձրահարկ շենքի բնակիչներից մեկը` վիճակը ուղղակի ահավոր է. «30 տարվա վերելակ է, ոչ գալիս են ստուգեն, ոչ վերանորոգեն: Մարդ վախենում է նստի, կարող է կենդանի դուրս չգա: Տարվա կեսը չի աշխատում, էտքան հարկ ոտքով բարձրանում-իջնում ենք, եթե աշխատում էլ է աղոթելով ես նստում, որ հանկարծ վերելակի մեջ չմնաս»:
Երբ այս հարցը մենք ինքներս բարձրացրինք համատիրությունում, աշխատակիցը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի. «Մենք շատ վաղուց դիմել ենք Քաղաքապետարանին, որպեսզի փոխեն, կամ գոնե վերանորոգեն հին վերելակները, բայց միշտ ստացել ենք նույն պատասխանը` սպասեք Ձեր հերթին: Մենք հասկանում ենք բնակիչների վրդովմունքը, բայց ուրիշ հնար չունենք. միջոցները այդքան չեն բավարարում, որ մեզ հատկացված գումարով փոխենք վերելակները»:
Ռոզա Վարդանյան