Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս մշակում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Կառավարության այսօրվա նիստին հիշեցրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա ներկայացնում էր կառավարության եզրակացությունը ԱԺ մի քանի պատգամավորների նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում էր նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Չնայած` կառավարությունն այս նախագիծը մերժեց, սակայն նախարարը հայտնեց, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը: