Լրագրողը խոստովանում է՝ նյութ է գրել փաստաբանների դեմ, պալատից էլ նշում են՝ կապ ունեն, բայց սա պատվեր չէ

Լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի հրապարակման հետ կապված Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հարցում ինքն էլ իր մեղքի բաժինն ունի. «Երվանդ Վարոսյանի ու Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է փաստաբանների պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո, և նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում, որից հետո Արա Զոհրաբյանի հրահանգով կարգապահական վարույթ է հարուցվել Երվանդ Վարոսյանի նկատմամբ»,- գրել է լրագրողը (նրա գրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ):

Այս գրառմանը պատասխանել է ՓՊ մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը, նա նշել է, որ նյութը պատրաստվել է՝ ի պատասխան փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի նախաձեռնած մեկ այլ հրապարակման՝ հանրային պաշտպանի գրասենյակի դեմ. «Եթե կարդաք այդ հոդվածը կտեսնեք, որ փորձել եմ իրական պատմությունը ներկայացնել ինչպես հանրային պաշտպանի, այնպես էլ մյուս կողմի խոսքերով (մյուս կողմին զանգում էր անձամբ Փայլակ Ֆահրադյանը, որը սակայն հեռախոս չէր վերցնում)։ Իսկ թե ինչու, մեր պարոն Ֆահրադյանը, կհաստատի, որ վերոհիշյալ հոդվածի պատճառը Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի կողմից նախաձեռնված 24.07.2015թ. հրապարակված «Պաշտպանը համաձայնել է, որ չհրապարակվի պաշտպանյալին արդարացնող ցուցմունքը՝ պաշտպանյալը բողոք է ներկայացրել նախկին պաշտպանի դեմ» (https://www.pastinfo.am/hy/node/75224) հոդվածն էր, որով ուղղակի ցեխ էին շպրտել հանրային պաշտպանի գրասենյակի վրա»,- նշել է Հայկ Հակոբյանը (նրա ֆեյսբուքյան գրառմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ):

Իսկ ինչ վերաբերում է փաստաբանների պալատի նախագահի մասնակցությանն այս ամենին, ապա նա նշել է. «Հոդվածը պատրաստ լինելուց հետո եմ միայն տեղեկացրել նրան, որ հանրային պաշտպանի գրասենյակի դեմ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նախաձեռնած հոդվածի վերաբերյալ ցանկանում եմ ներկայացնել երկու կողմերի դիրքորոշումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել