Մի քանի օրից սկսվելու է հերթական ուսումնական տարին, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկությունն ավելի է խտանալու:
Այսօր ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին է ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Ինչպես պարզ դարձավ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երեխաների անվտանգությանն ուղղված միջոցառումները ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով տևելու են ոչ թե տասը օր, այլ մեկ ամիս:
Նորիկ Սարգսյանի խոսքով` օգոստոսի 15-ից ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է մայրաքաղաքի բոլոր դպրոցների, իսկ մարզերում` ճանապարհամերձ դպրոցների տեղանքը, վերացվել են ճանապարհներին հայտնաբերված գրեթե բոլոր թերությունները, տեղադրվել են բացակայող նշանները, կատարվել են անհրաժեշտ գծանշումները: Դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են միամսյակի կապակցությամբ տարվող աշխատանքները` հաշվի առնելով նրանց առաջարկները:
Նոր ուսումնական տարում նորովի է կազմակերպվելու ոստիկանության ծառայությունը դպրոցամերձ տարածքներում:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ երեխաների անվտանգության ապահովման ուղղությամբ ոստիկանությունում իրականացվել է «Զգուշացեք. երեխաներ են» ծրագրով նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Աղբյուրը` Իրավաբան.net