Կրթության մեջ կոռուպցիայից վատ բան մեկ էլ վատ դասախոսն է. Վարուժան Ավետիքյան

 «Ո՞վ է ուզում դառնալ իրավաբան». ամեն անգամ լսարան մտնելիս 3-րդ կուրսի ուսանողներին հենց այս հարցն է տալիս Ֆրանսիական համալսարանում Ձեռնարկատիրական և ֆինանսավարկային իրավունքի դասախոս, ԿԲ Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Դասախոսն ասում է, որ այդ հարցի պատասխանը պետք է տրված լինեին դեռ բուհ դիմելու տարիներին, ինչևէ՝ նրա հարցին որպես կանոն ուսանողների 65 տոկոսը պատասխանում է, որ ցանկանում է դառնալ իրավաբան, 20-30 տոկոսը՝ չգիտի, 10 տոկոսը` չի ուզում:

 «Հայաստանի բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունները» շարքի շրջանակներում պրն Ավիտքյանի հետ զրուցել ենք մասնագիտական կենսագրության, մեր երկրում իրավաբանական կրթության որակի, ուսանողներին տված խորհուրդների, ֆրանսիական համալսարանի առավելությունների և մի շարք այլ հարցերի շուրջ: Նա դասավանդում է շուրջ 15 տարի:

– Պրն Ավետիքյան, ունեք մասնագիտական կրթության շատ ընդգրկուն կենսագրություն (Նիկոսիո համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Լեստերի, Մեծ Բրիտանիայի համալսարան, Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոց, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց, Քեմբրիջ….) ի՞նչ գնահատական կտաք մեր երկրում իրավաբանական կրթությանը:

– Ծանոթ եմ մի քանի կրթական համակարգերի՝ անգլիական, ամերիկյան, ֆրանսիական: Մեր իրավաբանական կրության մեջ կուզենայի առանձնացնել մի քանի մարտահրավերներ. առաջինը ինդուստրիա և ակադեմիա կապն է: Այսօր այդ կապը բավական թույլ է, այսինքն՝ ակադեմիան ինքնուրույն է աշխատում, ինդուստրիան կամ այլ կերպ ասած փաստաբանների համայնքը՝ անջատ: Մեր խնդիրը պետք է լինի ուժեղացնել այս երկուսի համագործակցությունը, որպեսզի ինդուստրիան կարողանա ասել, թե ինչպիսի մասնագետներ, ուղվածություն ու նորարարություններ են անհրաժեշտ, և ակադեմիան էլ ինդուստրիայից եկող այդ պահանջը կարողանա բավարարել ակադեմիական ու ավելի ազատ միջավայրում: Օրինակ՝ ԱՄՆ-ում իրավաբանական դպրոցներն իրենց ծրագիրը համաձայնեցնում են տվյալ նահանգի Փաստաբանական պալատի հետ: Երկրորդ մարտահրավերը այն է, որ գիտական աշխատությունների հիմնական մասը գալիս է Ռուսաստանից.  ռուսական փորձը մեզ մոտ շատ է: Իհարկե, սրան պետք չէ դրական կամ բացասական գնահատական տալ, բայց ես գտնում եմ, որ միայն մեկ ուղվածություն է առաջ գալիս:

Ձեռնարկատիրական և ֆինանսավարկային իրավունք Ֆրանսիական համալսարանում դասավանդում եք դեռ 2000 թվականից: Ինչքանո՞վ են փոխվել ուսանողների պահանջները գիտելիք ստանալու առումով, ինչպիսի՞ն է այսօրվա ուսանողությունը:

– Ես դասավանդում եմ երրորդ կուրսում ու միշտ իմ ուսանողներին հարցնում եմ, թե ովքեր են ուզում իրավաբան դառնալ:  Պատկերը հետևյալն է՝ 65 տոկոսը ուզում է դառնալ իրավաբան, 20-30 տոկոսը չգիտի, 10 տոկոսը չի ուզում: Այսինքն՝ 40 տոկոս ուսանողներ պարզապես իրենց չեն տեսնում ապագա իրավաբանի դերում, սա կարելի է բնորոշել որպես ռեսուրսի անիմաստ վատնում: Բացի այդ, ես ուսանողներ ունեմ, ովքեր 16 տարեկան են, իսկ այդ տարիքում նրանք դեռ կողմնորոշված չեն ու կան բաներ, որ չեն կարողանում հասկանալ՝ ելնելով հենց տարիքից:  Միգուցե կարելի է մտածել իրավաբանական կրթություն ստանալու համար  տարիքային որոշակի սահմանափակում դնելու մասին:

– Իսկ գուցե պատճառն այն է, որ շատերը իրավաբանական կրթություն ստանալը համարում են մոդայիկ. այս դեպքում արդյո՞ք աշխատաշուկայում այսչափ իրավաբանների կարիք կա:

Իրավաբանների կարիք միշտ կա. պետք չէ մտածել,  որ իրավաբանության մեջ միայն քրեական ու քաղաքացիական ոլորտներն են: Իրավունքի այնքան ոլորտներ կան, որ կյանքում դրանց կարիքը միշտ է զգացվում ՝ գիտություն, մշակույթ, սպորտ և այլն:

Իրավաբանությունն արհեստ է. այն խնդիր լուծելու մասնագիտություն է: Ես փորձում եմ իմ ուսանողներին սովորեցնել, թե ինչպես պետք է լուծել իրենց հաճախորդների խնդիրները: Այստեղ կարևոր է  հաճախորդի սպասարկումը. ընդ որում՝ հաճախորդ կարող է լինել որևէ կազմակերպություն, կարող է լինել պետությունը: Իմ հաճախորդը Կենտրոնական բանկն (ԿԲ) է, քանի որ ես աշխատում եմ ԿԲ-ում:

Իրավաբանությունը պրակտիկ գիտություն է, մինչդեռ սա մեր բուհերում թույլ է արտահայտված:  Իմ սուբյեկտիվ կարծիքով դեռևս քիչ է այն դասախոսների թիվը, ովքեր փաստաբաններ են, պրակտիկ իրավաբաններ են և կարող են պրակտիկան բերել համալսարան՝ ակադեմիական միջավայր:  Համալսարանից դուրս գալուց հետո ուսանողը պետք է կարողանա հաճախորդ սպասարկել:

Մի անգամ աշխատանքի ընդունման հարցազրույց էի անցկացնում. մի երիտասարդ ու նոր ավարտած կին պատասխանում էր մեր տված բոլոր հարցերին, տեսական ամեն ինչ գիտեր, որոշեցինք աշխատանքի ընդունել: Ես  ասացի, որ այստեղ կսովորի իրավաբանություն, ինքն էլ համաձայնեց ու համեստորեն լռեց:

Աշխատելու երկրորդ տարվա մեջ եկավ ու ինձ ասեց՝ գիտե՞ք  պրն Ավետիքյան, նոր մի բան եմ հասկացել. որ ասել էի աշխատանքի վայրում կսովորես իրավաբանություն, փաստորեն նեղվել էր, գնացել տուն ու լաց էր եղել, թե 5-6 տարի իրավաբանություն սովորելուց հետո, աշխատանքի վայրո՞ւմ պետք է իրավաբանություն սովորի: Եկավ ու ասաց, որ իսկապես աշխատավայրում է հասկացել, թե ինչ է իրավաբանությունը:

– Այն, որ Դուք պրակտիկան կարևորում եք, ակնհայտ է. արդյո՞ք ուսանողները գիտակցում են դրա անհրաժեշտությունն ու պահանջում են դա:

– Այո, շատ պայծառ երեխաներ կան: Ընդհանրապես վատ ուսանող, վատ կուրս հասկացություն ես չեմ ընդունում. կա վատ  դասախոս: Պետք է դասախոսը կարողանա հետաքրքրություն առաջացնել ու ոգևորել: Ուսանողներ ունեմ, որ իրենք են նախաձեռնում, որ գիտական հոդվածներ գրեն կամ իրենք են խնդիրներ առաջարկում, որ համալսարանում քննարկենք:

-Պրն Ավետիքյան, հետաքրքիր է, թե ինչ առավելություն ունի Ֆրանսիական համալսարանը, որի համար արժե դիմել հենց այս բուհ:

– Առաջին և կարևոր առավելություներից մեկն այն է, որ ուսանողն այստեղ ունի հնարավորություն շփվելու ֆրանսիացի դասախոսների հետ: Նույն դասընթացը, որն անցնում են հայերենով, անցնում են նաև ֆրանսիացի դասախոսների հետ, ովքեր ներկայացնում են թեմայի վերաբերյալ ֆրանսիական մոտեցումները: Ուսանողը հնարավորություն է ստանում սովորել այլ պետությունների օրենսդրությունը հենց աղբյուրից: Լավագույն ուսանողները հնարավորություն են ունենում պրակտիկա անցնելու Ֆրանսիայում,  որն էապես փոխում է իրենց աշխարհընկալումը:

Առավելություն է նաև ֆրանսերենի իմացությունը, քանի որ ինչքան լեզու իմանա  իրավաբանը, այնքան կավելանա իր ծառայություններն առաջարկելու հնարավորությունները: Ես աշխատել եմ նաև ԵՊՀ-ում, Սլավոնական համալսարանում. այստեղ սովորող ուսանողների մեջ կան որոշակի տարբերություններ: ԵՊՀ-ի ու Սլավոնականի երեխաների մոտ լուրջ հիմքերի  վրա է դրված տեսական գիտելիքներն՝ ունեն լավ հռետորաբանություն, ճարտար են խոսում: Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիական համալսարանի ուսանողների մոտ կա ավելի լայն մտածողություն, որի շնորհիվ ամեն հարց կարողնում են ավելի ճկուն կերպով լուծել:

– Ի՞նչ խնդիր է այսօր լուծում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

– Ֆրանսիական համալսարանն ուղղվածություն ունի դեպի բիզնես՝ առևտրային, ձեռնարկատիրական, ֆինանսական, բանկային իրավունք: Ֆրանսիականն ավարտող ուսանողը պետք է ավելի մոտ կանգնած լինի բիզնեսին ու ավելի լավ պետք է հասկանա բիզնեսի խնդիրներն ու մարտահրավերները:

– Դեռ 2013 թվականին Դուք դեմ եք արտահայտվել նրան, որ «Հայ արվեստի ամենաստեղծագործ արվեստագետների մեկին՝ Վարդան Պետրոսյանին» , ինչպես Դուք եք նշել, թույլ չեն տվել մտնել նաև Ձեր կողմից ստեղծված Ֆրանսիական համալսարան ու զրուցել ուսանողների հետ, ո՞րն էր այն ժամանակ դրա պատճառը:

-Չեմ կարող ասել, որն էր պատճառը, քանի որ չեմ խոսել համալսարանի ղեկավարության հետ, բայց ենթադրում եմ, որ կարող էր պատճառ հանդիսանալ Վարդան Պետրոսյանի քաղաքական-հասարակական դիրքորոշումները: Միանշանակ է այն, որ Վարդան Պետրոսյանը մեծ ներդրում է ունեցել մեր թատրոնի, մեր մտածելակերպի վրա:  Նրա խոսքերից շատերը այսօր դարձել են թևավոր խոսքեր, Վարդան Պետրոսյանի ներդրումը չի կարող չգնահատվել մեր կողմից:

– 2014 թվականին ԵՊՏՀ-ում եղել եք մագիստրոսական թեզերի պաշտպանության գնահատման հանձնաժողովում և ցնցվել եք հանձնաժողովի անդամների հանդեպ դեկանի, ամբիոնի վարիչի վերաբերմունքից, ի՞նչ կասեք այդ մասին:

– Մինչև հիմա ինձ համար անբացատրելի է նման վարքագծի պատճառը: Խումբը, որ ձևավորվել ու գնացել էր ԵՊՏՀ մեծամասամբ կազմված էր անկախ իրավաբաններից, ովքեր իրենց օրվա կեսը անվճար հատկացրել էին այդ օրվան՝ հարգելով ամբիոնի վարիչի խնդրանքն ու հանրությանը ծառայելու իրենց ցանկությունը: Ճիշտ է իրավաբանների մասին հաճախ են ասում, որ նրանք ագահ են, անկուշտ են, փող շատ են սիրում, բայց այդպես չէ, իրավաբանները նաև սիրում են հասարակության մեջ իրենց ներդրումն ունենալ:

-Նշեցիք, որ հաճախ են ասում , որ իրավաբանները փող շատ են սիրում. ասում են նաև, որ իրավաբանականում սովորելը ինչ-որ չափով կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այս ուղղությամբ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Ֆրանսիական համալսարանում:

– Մեզ մոտ հակակոռուպցիոն ծրագրերը ծայրահեղության են հասցրած: Այս  հարցում գրավոր քննությունն ուղղակի փրկություն է. գրավորների վրա նշված չէ անուն- ազգանուն,  ու հնարավոր է, որ իմ կողմից ստուգված գրավորները որևէ անկախ դասախոս կրկին ստուգի ու կարծիք ներկայացնի:  Այս դեպքում եթե շեղումներ հայտնաբերվեն, ես պետք է բացատրություն ներկայացնեմ: Կրթության մեջ կոռուպցիայից վատ բան, մեկ էլ վատ դասախոսն է: Եթե կոռուպցիան չկարողանաս բացառել, ամբողջ արածդ գցում ես ջուրը:

-Եվ վերջում Պրն Ավետիքյան, կուզենայի նշեք, թե ինչ է անհրաժեշտ լավ և պահանջված իրավաբան դառնալու համար, բացի համալսարանական կրթությունից:

– Իրավաբանի համար կարևոր է,  որ  բացի իրավաբանությունից զբաղվի նաև իրեն հոգեհարազատ ու հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող որևէ գործով՝ բարեգործական, հասարակական:

Ես ուսանողներիս էլ ասում եմ՝ գտեք որևէ հասարակական կազմակերպություն ու աշխատեք այնտեղ կամ օրինակ աշխատեք, որ ապահովվի Ձեր բակի լուսավորությունը, աշխատեք թաղապետարանի համար, ներգրավվեք ինչ որ խմբակում: Այսինքն՝ շփվեք մարդկանց հետ, որովհետև դա իրավաբանին տալիս է մտահորիզոն: Իրավաբանը ստեղծագործում է,  հակառակ դեպքում մեր ամենալավ  իրավաբանը կլիներ «Առլիս»-ը կամ «Իրտեկ»-ը, որովհետև իրենք բոլոր օրենքները գիտեն: Բայց եթե խնդիր ենք ունենում , մենք չենք գնում ու խնդրի լուծումը «Իրտեկ»-ում փնտրում, այլ դիմում ենք իրավաբանի:

Հեղինակ՝ Զառա Մանուչարյան

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել