Ուզում են դյուրինացնել ՃՈ տուգանքների բողոքարկման գործընթացը

Սեպտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկեց արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները:

Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծեց հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը:

Ըստ ոլորտների քննարկվեցին գերատեսչությունների խնդիրները, փոխգործակցության հնարավորությունները, աշխատանքային խմբերի կազմը և նրանց կողմից կարճաժամկետ ու հեռանկարային ծրագրերի առաջարկման ընթացակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել