Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովը քննարկեց ՀՀ նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը:
Պատգամավորների հարցերին էր պատասխանում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանը մինչև հարցն ուղղելը մի շարք դիտարկումներ արեց՝ եզրահանգելով, որ ՀՀ քաղաքականության մեջ տիրում է կոռուպցիան. «Գործող Սահմանադրության ո՞ր դրույթը կամ դրույթներն են թույլ տվել հնարավոր դարձնել կոռուպցիայի այս գործընթացը և Ձեր գրած Սահմանադրության ո՞ր գլուխներում կան կանխարգելող դրույթներ»,- հարցրեց պատգամավորը:
Ըստ Վարդան Պողոսյանի՝ ողջ աշխարհում չկա նման պետություն, որի Սահմանադրություն մեջ լինեն կետեր, որ բացառեն կոռուպցիա երևույթը, նա նշեց. «Մենք պետականության ստեղծումից քառորդ դար անց չունենք դատական իշխանության անկախության այնպիսի մակարդակ, որը կբավարարի հանրության պահանջները, Ինչքան քաղաքական գործընթացները թափանցիկ է, մեծ է հաշվետվողականությունը, ինչքան մեծ է ԱԺ-ում այդ հարցերը քննարկելու, քննադատելու և քաղաքական սանկցիա կիրառելու, այնքան մեծանում են շանսերը, որ Ձեր կողմից բարձրացրած խնդիրները նվազեն, քչանան, վերանան»:
Խոսելով ՕԵԿ խմբակցության բարձրաձայնած որոշ հարցերից՝ Վարդան Պողոսյանը նշեց. «Մենք ի՞նչն ենք փոխում, ինչի՞ համար ենք փոխում: Ձեր խմբակցությունը առաջարկում է փոխել վարչապետին ընդհանուր ձայների 2/3-ով, ապա հարց է առաջանում` ի՞նչ մեծամասնությամբ մենք պետք է այդ վարչապետին անվստահություն հայտնենք: Դուք ուզում եք, որ ունենանք գործադիր իշխանության ղեկավար, որ անփոխարինելի՞ լինի»:
Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net