«Հանրաքվեի դնել Սահմանադրության նախագիծն ըստ առանձին դրույթների, չի կարելի ա»

Ազգային ժողովում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը: ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հանրաքվեի դնել ոչ թե նախագիծն ամբողջությամբ այլ առանձին դրույթների, պատասխանեց, որ դա գործնականում անհնար է իրականացնել:

«Հանրաքվեի դնել Սահմանադրության նախագիծն ըստ առանձին դրույթների, չի կարելի ա, դա թույլ չի տալիս օրենքն ու պարզ տրամաբանությունը: Սահմանադրության մեջ կա օրգանական կապ և դա կխզվի, եթե առանձին դրվի հանրաքվեի: Սահմանադրությունը միասնական փաստաթուղթ է, եթե փոփոխություններ են առաջարկվում Սահմանադրության մեջ, ապա դրանք մեկ ամբողջական փաթեթ են կազմում»:

Այնուհետև նա անդրադարձավ զինված ուժերին առնչվող դրույթին, նշեց, որ նախագծի հեղինակները տարբերակված մոտեցում ենք ցուցաբերել՝ խաղաղ և պատերազմական ժամանակների հետ կապված. «Պատերազմի ժամանակը նկատի ենք ունեցել դե յուրե պատերազմի իրավիճակը»:

Պատգամավորներից Սամվել Ֆարմանյանը, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախագծում նախարարությունների թիվը 18, ըստ նրա՝ հստակ ֆիքսել տեղին չէ, քանի որ այդ թիվը կարող է փոփոխական լինել՝ կախված իրավիճակից: Վարդան Պողոսյանն ասաց, որ հանձնաժողովը սահմանել է նախարարությունների առավելագույն շեմը. «Նոր նախագիծը նշում է, որ 18-ից ավելի չի կարող լինել, որպեսզի հնարավորություն չտա օրենսդրին անվերջ մեծացնել նախարարությունների թիվը՝ հաշվի առնելով, որ պառլամենտական համակարգում կարող են լինել կոալիցիոն կուսակցություններ, որոնք կարող են հավակնություն ունենալ կառավարության կազմի հետ կապված»,- նշեց պարոն Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել