Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրացուցակից ԱԺ պատգամավոր է գրանցվել Կարեն Բեքարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու մասին որոշումները: Խորհրդարանը հաստատել է օրակարգերի եւ որոշումների նախագծերը: Նաեւ ընդունվել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ ԱԺ որոշումը:

Նստաշրջանի առաջին նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձեւավորվում է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ինչը հաստատվել է քվեարկությամբ: Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ հանձնաժողովը կազմված է 12 անդամից՝ ՀՀԿ-ից՝ 6, ԲՀԿ-ից՝ 2, իսկ մյուս 4 խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ:

ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմավորմանը: ԱԺ նախագահը խմբակցություններին հորդորել է ներկայացնել թեկնածուներ՝ ԱԺ ժամանակավոր հաշվիչ եւ Էթիկայի հանձնաժողովներում ընդգրկվելու համար:

Պատգամավորները քննարկել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա նշել է, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը, իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը: Նախագիծը մշակվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից, այն մշակելիս համակողմանիորեն ուսումնասիրվել են սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը, հաղթահարվել են ներսահմանադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է նախագծում Սահմանադրության դինամիկ զարգացումը՝ սահմանադրաիրավական անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման եւ ամրապնդման համար:

Վարդան Պողոսյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի առանցքային փուլերին, ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջարկվող մոդելի առավելություններից է նաեւ այն, որ խորհրդարանի դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը: Նշվել է, որ նոր Սահմանադրությամբ պարտադիր կերպով հանրաքվեի պետք է դրվեն այն ակտերը, որոնք վերաբերում են երկրի տարածքային ամբողջականությանը եւ ՀՀ անդամակցությանը վերազգային միջազգային կազմակերպություններին: Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ քաղաքացիական նախաձեռնությունների ներմուծմամբ եւ ժողովրդավարական տարրերի ներառմամբ քաղաքական համակարգը կստանա ժողովրդավարության ընդգծված հատկանիշներ:

ՀՀ Նախագահի ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ խորհրդարանական երկփուլ ընտրությունների առանձնահատկություններին, խորհրդարան-կառավարություն համագործակցությանը, ԱԺ լուծարման դեպքերին, ՀՀ Նախագահի ընտրության կարգին եւ գործառույթներին, ԱԺ մարմիններում ընդդիմության ներկայացվածությանը, դատական իշխանությանը, արդարադատության խորհրդին, դատավորների գործառույթներին եւ լիազորություններին, նախագծի եզրափակիչ ու անցումային եւ այլ դրույթներին:

Ավարտելով ելույթը՝ Վարդան Պողոսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանում կառուցողական քննարկումներ կծավալվեն, առաջարկները հնարավորություն կտան առավել բարելավելու նախագիծը եւ հանրաքվեի կդրվի Սահմանադրության նախագիծ, որն ամբողջությամբ կհամապատասխանի ժողովրդավարական եւ իրավական պետության սկզբունքներին, համահունչ կլինի ժամանակակից սահմանադրական զարգացման միտումներին եւ կծառայի երկրի հետագա զարգացմանը:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնել ուղիղ եթերով հեռարձակել Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին նվիրված ԱԺ լիագումար նիստերը:

ԱԺ պատգամավորները հիմնական զեկուցողին են ուղղել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ պարոն Պողոսյանը պարզաբանումներ է ներկայացրել:

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 16-ի նիստում:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել