«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը որոշ գործողություններ է մշակում: Այս մասին տեղեկացրեց նախաձեռնության իրավաբան Արա Կարագյոզյանը: Նա ասաց, որ դեռևս քննարկումներ են ընթանում՝ վերջնական որոշումներ չկան:
«Երբ ավարտվեն քննարկումներն ու պարզ լինի մեր անելիքները, հանրությանը կիրազեկենք»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքերով՝ քննարկվում է նաև փողոցային պայքարի տարբերակը:
Այն հարցին, թե արդյոք «Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցնո՞ւմ է իր պայքարը, Արան շեշտեց, որ նման որոշում չկա, նախաձեռնությունը շարունակելու է պնդել իր պահանջներն ու հասնել դրանց կատարմանը:
Նախաձեռնության իրավաբանի խոսքերով՝ Բաղրամյան պողոտայում սեպտեմբերի 12-ի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներից ոչ ոք չի ստորագրել ոստիկանության արձանագրության տակ:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, պատժել հունիսի 23-ի ակցիայի ժամանակ քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների: