Օրեր առաջ Անի Մաջնունյանի սպանության գործով վկաններից Աննան, ով առաջինն էր գործով ցուցմունք տվել, հարցազրույց է տվել Հրապարակ.am-ին, ինչը դարձել է մեծ քննարկումների առիթ: Իրավաբան.net-ը զրուցեց Փաստաբան Արտակ Գարոյանի հետ` պարզելու իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
Փաստաբանի խոսքով` իր վերաբերմունքը բացասական է, քանի որ նախաքննության գաղտնիությունը պետք է պահպանել: Նախաքննության գաղտնիության բացահայտման համար նախատասված է քրեական պատիժ` քրեական օրենսգրքի 342 հոդվածի համաձայն. ‹‹Ելնելով այն իրողությունից, որ պաշտպանյալս հայտնում է արարքի մեջ իր առնչության բացակայության մասին` նշանակում է, որ իրական մարդասպանը ազատության մեջ է. սա տրամաբանական է››:
Փաստաբանի խոսքով հանցագործություն կատարած անձը, ով ազատության մեջ է, կարող է կարդալ Աննայի հարցազրույցը ու որոշել իր արարքների մանրամասները, դրանք դարձնել իր համար բարենպաստ. ‹‹Ես խոսել եմ քննիչի հետ, ինքն ասաց, որ այդ հարցազրույց տալու մասին տեղյակ չէ, մինչդեռ պարտադիր պայման է դրվում. որ քննիչի, դատախազի և հետաքննիչի թույլտվությամբ պետք է լինի››:
Պարոն Գարոյանը նշեց նաև, որ նախորդ օրը դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը.նշանակվել է դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն.‹‹ Ի դեպ պաշտպանյալս չառարկեց. ինքը վստահ է, որ այդ ամենին հետ որևէ կապ չունի››:
Զառա Մանուչարյան