«Ես 14 տարի չեմ նստելու». Հայկ Կյուրեղյանի պաշտպանական ճառը

Այսօր արդեն երրորդ անգամ հետաձգվելուց հետո վերջապես Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը կայացավ և իր պաշտպանական ճառն ասաց ամբաստնյալ Կյուրեղյանը:

Դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայտարարեց, որ թեև ամբաստանյալի հանդեպ սանկցիա է կիրառված՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, և հեռացված է նիստերի դահլիճից, այնուամենայնիվ, դատարանն իր նախաձեռնությամբ նրան թույլ է տվել մասնակցել նիստին և պաշտպանական ճառով, այնուհետև վերջին խոսքով հանդես գալ:

Հայկ Կյուրեղյանը իր պաշտպանական ճառն ասաց նստած, և այս անգամ դատարանը այս հանգամանքին չանդրադարձավ:

Նա նախ ցանկացավ իր մասին մի քանի բառ ասել, որ անկուսակցական, շարքային քաղաքացի է, ունի տեխնիկական կրթություն: Անդրադառնալով իր կողմից կատարված արարքի պատճառներին նա նշեց, որ այդ քայլին գնացել է՝ տեսնելով Հայաստանում տիրող ամենաթողությունը, երբ օլիգարխը կարող է մարդ գողանալ ու ծեծել, խաղաղ ակցիաների ժամանակ ոստիկանները կարող են բռնություն կիրառել ցուցարարների հանդեպ, և մնալ անպատիժ: Եվ որ այս պայմաններում միակ ելքը կտրուկ քայլերի դիմելն ու բացեիբաց պայքարելն է:

Նրա խոսքի ժամանակ դատարարնը նրան ընդհատեց՝ ասելով, որ իր ճառը պետք է վերաբերի գործին, սակայն Կյուրեղյանը վրդովվեց՝ ասելով, թե նույնիսկ վերջին խոսքն ասել չի թույլատրվում:

Կյուրեղյանը շարունակեց իր խոսքը՝ պնդելով այն միտքը, թե երբ պայքարելու քաղաքակիրթ միջոցները սպառնվում են, ապա պետք է «հարցերը լուծել գեղական կարգով՝ ինքնադատաստանների միջոցով»:

Անդրադառնալով մեղադրողի միջնորդությանը՝ իր հանդեպ 14 տարվա ազատազրկման ձևով պատիժ նշանակելուն, ասաց, որ «14 տարի չեք խփելու, ես 14 տարի չեմ նստելու, որովհետև ռեժիմն այդքան չի լինելու»:

Ճառն ու վերջին խոսքը լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար: Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:

Նշենք նաև, որ այս անգամ նույնիսկ դատարանի շենք չէին թողել մտնել այն քաղաքացիներին, ովքեր ժամեր առաջ դատարան էին եկել ի աջակցություն Կյուրեղյանի և գոչում էին՝ «Ազատություն Հայկին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել