Քիչ առաջ վերսկսվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը հայտարարված 5 րոպե ընդմիջումից հետո, որը, սակայն, բավականին երկար տևեց: Թեև նիստերի դահլիճի դուռը բաց էր և աղմուկն էլ բավականին բարձր, դատավոր՝ Արմեն Բեկթաշյանը փորձեց շարունակել նիստը:
Բավականին փոքր նիստերի դահլիճի դուռը հնարավոր չէր փակել , անմիջապես դռան մոտ հավաքված էին Հայկ Կյուրեղյանի աջակիցները, ովքեր պահանջում էին ավելի մեծ դահլիճում նիստը շարունակել և հնարավորություն տալ իրենց ներկա լինելու նիստին:
Դատարանը կարգադրեց փակել նիստերի դահլիճի դուռը և ամբիոնի մոտ հրավիրեց գործով տուժող Քրիստինե Սարդարյանին: Սակայն աննկարագրելի աղմուկի պատճառով անհնար էր լսել թե տուժողի, թե դատավորի ձայնը: Այդ պահին դատական կարգադրիչները դռան մոտ հավաքվեածներին հեռու էին հրում՝ փորձելով դուռը փակել:
Անկարգությունները շարունակվում էին նաև նիստերի դահլիճում և դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը դատավորին «դու»-ով դիմելով ինչ-որ բան ասաց, ինչից դատավոր Արմեն Բեկթաշյանը վրդովվեց և հերթական սանկցիան կիրառեց այս քաղաքացու հանդեպ: Մինչ այդ նիստերի դահլիճից դուրս էր հրավիրվել նաև Շանթ Հարութունյանի որդի՝ Շահեն Հարութունյանը և նրա մայրը: Դատարանը նիստը հետաձգեց՝նշանակելով այսօր ժամը 15-ին: