«Նոր Սահմանադրության հեղինակները բոլորովին էլ հեծանիվ չեն հայտնագործել»

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը նախատեսում է սխալ դատապարտման դեպքում փոխհատուցում, այն դեպքում եթե որևէ անձ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցանք կատարելու համար, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը վերանայվել է այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը գտնում է, որ եթե անգամ Սահմանադրությունը չնախատեսեր փոխհատուցում սխալ դատապարտման դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով և պետական օրենսդրությամբ դա առկա է: Այնպես որ, ըստ նրա՝ այդ հոդվածի բացակայությունը չի նշանակում, որ նման պահանջ ներկայացնելու իրավունքի արգելք կամ բացառում կա:

Artur_0584-440x293«Մեր Նախագծի հեղինակները այդ հոդվածով բոլորովին էլ հեծանիվ չեն հայտնագործել, որովհետև այդ նորմը գոյություն ունի, և Հայաստանի համար գործում է դեռևս 1993 թվականի սեպտեմբերի 23-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես Միացյալ ազգերի կազմակերպության անդամ վավերացրեց քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագիրը, որի 14-րդ հոդվածը նախատեսում է՝ եթե որևէ անձ վերջնական որոշմամբ՝ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձն օրենքի համաձայն ստանում է փոխհատուցում, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով»,-մանրամասնեց փաստաբանը:

Նա հավելեց, որ նույնը նաև սահմանված է Եվրոպական կոնվենցիայով:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ բացի միջազգային նորմերից Սահմանադրության մեջ է նույնպես մտել նշյալ նորմը:

«Գործող սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերը մեր երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում և ավելին՝ եթե մեր երկրի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների և միջազգային պայմանագրերի միջև կան հակասություններ, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը, քանի որ դրանք գերակայում են ներպետական նորմերի նկատմամբ»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

հայկՓաստաբան Հայկ Ալումյանը հավաստիացնում է, որ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի 2-րդ գլուխը` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին օրենքի ցանկացած հոդված, նույն ձևակերպումով ամրագրված է միջազգային պայմանագրերում:

«Սահմանադրական բարեփոխումների նախագծի այս հոդվածը առկա է նաև գործող Սահմանադրության մեջ, ըստ որի` հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում, այսինքն այս հոդվածով որևէ նորամուծություն չկա»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև հավելեց, որ Նախագծի այս կետը գործող Սահմանադրության 16-րդ հոդվածի նոր և ավելի հստակ ձևակերպումն է:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել