Լրագրողը տուժող է ճանաչվել՝ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու գործով

Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը տուժող է ճանաչվել Հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործով: Գ. Առուստամյանը հաղորդում էր տվել այն մասին, որ մայիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել իր հանդեպ և հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, բռնությամբ զուգորդված, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Առուստամյանը:

Նա նշեց նաև, որ դեռևս գործով որևէ մեկի հանդեպ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի ուշ երեկոյան ոոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը` ոստիկանին վիրավորելու համար: Կազմվել է արձանագրություն: Բաժնում շուրջ երեք ժամ մնալուց հետո Գայանե Առուստամյանն ազատ է արձակվել: Գայանեն բժշկական զննություն էր անցել, արձանագրվել էին մարմնի վրա եղած կապտուկները, նաև հոգեական տագնապային վիճակը:

Նշենք նաև, որ Գայանե Առուստամյանը ոստիկանների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը սուլել է բարձր, իսկ նա ասել է. «Ինչու՞ ես սուլում, այ էշ»:
Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել