Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը տուժող է ճանաչվել Հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործով: Գ. Առուստամյանը հաղորդում էր տվել այն մասին, որ մայիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել իր հանդեպ և հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, բռնությամբ զուգորդված, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Առուստամյանը:
Նա նշեց նաև, որ դեռևս գործով որևէ մեկի հանդեպ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի ուշ երեկոյան ոոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը` ոստիկանին վիրավորելու համար: Կազմվել է արձանագրություն: Բաժնում շուրջ երեք ժամ մնալուց հետո Գայանե Առուստամյանն ազատ է արձակվել: Գայանեն բժշկական զննություն էր անցել, արձանագրվել էին մարմնի վրա եղած կապտուկները, նաև հոգեական տագնապային վիճակը: