Ի՞նչ է անհրաժեշտ պրոբացիոն ծառայության ներդրման համար

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ ծրագրով նախատեսվում է նաև պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում: Կառույցի գործունեության ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության վերաբերմունքն է: Ասում է «Սոցիալական արդարության» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, ով նաև այս ծրագրի հեղինակներից է:

«Ծառայությունը կկարողանա լիարժեք գործել, սակայն, կլինեն նաև խնդիրներ` վարչական, տեխնիկական, իրավական, այդ թվում՝ նաև դատավորների վերապատրաստման գործընթացը` համապատասխան որոշումներ կայացնելու համար, դատախազներին վերապատրաստելը, քրեակատարողական համակարգին, քննչական կոմիտեին: Սրանք հիմնական այն մարմիններն են, որոնք պատվիրելու են պրոբացիոն ծառայությունը: Ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակության վերաբերմունքն է, որ իրենց կողքին պետք է մնա այն դատապարտյալը, որի նկատմամբ կիրառվել է պրոբացիա` ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ»,-նշեց պարոն Գասպարյանը:

Նա ընդգծեց նաև, որ կան վերահսկողության, հսկողության տարբեր ձևեր. «Անձը իր պատիժը կամ պատասխանատվությունը կրելու է հասարակությունում, ուստի մենք պիտի հասկանանք, որ պատիժ դեռ չի նշանակում ազատազրկում, և անձը, որը գտնվում է հասարակությունում, դեռ չի նշանակում, որ չի կրում պատիժ: Սա պետք է հասկանանք մենք` որպես հասարակության անդամներ, և պատրաստ լինենք մեր կողքին ընդունել այդ մարդկանց` դատապարտյալներին: Այստեղ ամենակարևոր առանձնահատկությունը հասարակական-հոգեբանական պատրաստակամության ապահովումն է. ապրել պատժվածի հետ նույն հարկի տակ` նույն համայնքում, նույն շենքում, նույն աշխատավայրում»,- ասաց ՀԿ նախագահը:

Պարոն Գասպարյանը բարեփոխումների հաջող ընթացքը պայմանավորեց պետական կամքով, որպեսզի նախագահի հրամանագրով հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունները իրականացվեն. «Ե՛վ դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման, և՛ պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ է կամք, ֆինանսական ռեսուրսներ, աշխատասիրություն և հետևողականություն, որովհետև անհրաժեշտ է յուրաքանչյուր վայրկյան դրանով զբաղվել»,- նշեց նա:

Իսկ ծառայության ներմուծման առումով մի փոքր հետ ենք ընկել. «Եթե 2014թ.-ին ձևակերպվեր 2015թ.-ին կունենաինք, սակայն, մենք դեռ չունենք. մի թեթև հետ ենք ընկել: Պրոբացիոն ծառայություն մենք կարող էինք ունենալ ամենաուշը 2004թ-ին, երբ ստեղծում էինք քրեակատարողական վարչությունում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները` վերականգնողական ծառայությունները: Անդրադառնալով 2012-2016թթ ռազմավարության ծրագրին` պետք է նշեմ, որ այստեղ ևս հետ ենք ընկել, որն ըստ պաշտոնյաների պայմանավորված է տեխիկական խնդիրներով, ֆինանսական ռեսուրսներով: Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է մեր պաշտոնյաների՝ մասնավորապես դատական համակարգի, դատախազական, բանկային համակարգի, քրեակատարողական ծառայության ցանկությամբ: Հենց ցանկությունը լինի և՛ ֆինանսներ կհայտնվեն, և՛ առհասարակ անհրաժեշտ ամեն ինչ»,-նշեց Արշակ Գասպարյանը»:

Այդուհանդերձ, ըստ նրա, մինչ 2016թ.-ը բավական ժամանակ կա պրոբացիայի ներմուծման համար. «Եթե 4 փուլերը` բանտայինը, հետբանտայինը, մինչդատականը և դատականը դնենք միասին, մեծ կամքի և ցանկության դեպքում հավանական է, որ 2016թ.-ի հունիսին մենք կարող ենք ունենալ շատ լավ ներդրված ծառայություն»,- նշեց նա:

Ըստ ՀԿ նախագահի` պրոբացիոն պետական ծառայությունը պիտի գործի բանտային համակարգից անկախ` արդարադատության նախարարության ենթակայությամբ. «Այդ գաղափարը եթե ընդունելի լինի, և բոլոր որոշում կայացնողները տեսնեն միևնույն խնդիրը, ցանկանան պատժողական քաղաքականությունից անցում կատարելու դեպի վերականգնողական արդարադատության, ապա քրեական արդարադատության մեջ կունենանք շատ գեղեցիկ հասարակական կառույց, որը կկոչվի «Պրոբացիայի պետական ծառայություն»,-հավելեց պարոն Գասպարյանը:

Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել