Շիրակի մարզում 7 անձի մահվան ելքով ավտովթարի գործով «Կամազ»-ի վարորդի փաստաբանը ապօրինի է համարում քննչական գործողությունները

Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ձերբակալված՝ բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան փաստաբան Լիանա Բալյանը պնդում է, որ ի սկզբանե քննչական գործողությունները կատարվել են օրենքի խախտումով: Վթարի հետևանքով զոհվել են 7 քաղաքացիներ:

«Մանվել Վարդանյանին 2014թ. նոյեմբերի 10-ին` գլուխը վնասված և շոկային վիճակում, հենց դեպքի օրը` գիշերը մինչև ժամը 12-ին հարցաքննել են: Նա այնպիսի վիճակում է եղել, որ միայն ասել է. «Տարեք ինձ դատեք, կախեք, սպանեք, ինչ ուզում եք տվեք ստորագրեմ», իսկ քննիչները ինչ ասել են, գրել էր: Այնուհետև նոյեմբերի 13-ին կայքերից մեկում միանգամից հրապարակվել է մեղադրական եզրակացությունում գրված հենց բուն եզրակացությունը, որ հենց նա է մեղադրվում հանցագործության մեջ և իրեն լիովին մեղավոր ճանաչում»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով` քննչական մարմինը շտապել է եզրակացություններ անել. «Որովհետև այս գործով վերջնական եզրակացության հանգում են փորձաքննության որոշումները ստանալուց հետո, քննիչը, փաստաբանը փորձագետներ չեն, նրանք պետք է տան իրավական եզրակացություն, այլ ոչ թե նախապես գնահատեն, թե ով է մեղավոր: Մեղադրող կողմն իրավունք չուներ առանց փորձաքննության եզրակացության տեսակետ հայտնել, որ Մանվել Վարդանյանը մեղավոր է և դա հրապարակել կայքում, ինչպես նաև իրավունք չունեին Վարդանյանին թելադրել գրել ցուցմունքները` օգտվելով վերջինիս շոկային վիճակից, Վարդանյանը նաև ինձ հայտնել էր, որ բջջայինի լույսի տակ են ստորագրել տվել փորձաքննությունը նշանակելու մասին որոշումը, դա նույնպես օրենքի խախտում է»: Սրանից զատ, փաստաբանի խոսքերով` Մանվել Վարդանյանին երեք օր շարունակ չեն ապահովել կապի միջոցներով:

Տիկին Բալյանը փոխանցեց, որ ինքը բազմաթիվ միջնորդություններ է արել` մասնավորապես չեղյալ համարել Մանվել Վարդանյանի նախկին ցուցմունքները, նրան հարցաքննել փաստաբանի ներկայությամբ, ինչպես նաև տրամադրել հոգեբան: Փաստաբանը նաև բացարկ է հայտնել քննիչին. «Արդեն պետք է պատասխանած լինեն, բայց առ այսօր ոչ մի պատասխան չկա: Մանվել Վարդանյանին հատկացրել են հոգեբան ու բավարարել են միայն մի միջնորդություն, որ իսկապես նրան պետք է հարցաքննել իմ ներկայությամբ, սակայն միայն այն ժամանակ, երբ նրա հոգեկան վիճակը վերջնականապես կկարգավորվի»: Փաստաբանի խոսքերով առաջիկայում կնշանակվեն փորձաքննություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել