Հրապարակվել է 2 արագաչափ վնասած Կարեն Կիրակոսյանի դատավճիռը

Երկու արագաչափ սարք վնասած Էջմիածնի բնակիչ Կարեն Կիրակոսյանին դատարանը տուգանել է 100.000 դրամի չափով: Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Առաջադրված մեղադրանքում Կարեն Կիրակոսյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունք, որ 2013 թվականի փետրվարի 28-ին` երեկոյան, իրենց տանը հատ ուտելու ժամանակ մի քանի բաժակ օղի է օգտագործել, որից հետո 2013 թվականի մարտի 1-ին` ժամը 05: 30-ի սահմաններում, երբ գտնվել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, իրենց անձնական օգտագործման «ՎԱԶ 2106ե մակնիշի 12 ՕՏ 045 պետհամարանիշի ավտոմեքենայով, միայնակ դուրս է եկել տանից և զբոսնել Էջմիածին-Երևան ավտոճանապարհահատվածով։

Ընթացքի ժամանակ ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որի արդյունքում Պտղունք գյուղում տեղադրված արագաչափ սարքը լուսանկարել է իր թույլ տված իրավախախտումը։ Դրանից զայրացել և կանգնել է ավտոմեքենայի բեռնախցիկին և ավտոմեքենայի ամբարձիչով հարվածներ է հասցրել արագաչափ սարքին, սակայն չի կարողացել կոտրել։ Այնուհետ, ավտոմեքենայով շրջադարձ է կատարել դեպի Էջմիածին քաղաքի ուղղությամբ և, տուն վերադառնալու ճանապարհին, կրկին գերազանցել է սահմանված թույլատրելի արագությունն ու այս անգամ Պտղունք գյուղում տեղադրված մյուս արագաչափ սարքն է լուսանկարել իրավախախտումը։ Իր խախտումները լուսանկարելու համար վրդովված տանից բերել է քլունգ, կանգնել է ավտոմեքենայի բեռնախցիկին և դրանով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նշված 2 արագաչափ սարքերին, վնասել դրանք և հեռացել։

Ամբաստանյալը գործի դատաքննության ժամանակ, օգտվելով իր դատավարական երաշխավորված իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալու, հարցերին պատասխանել, սակայն հայտնել է, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքն ամբողջությամբ ճիշտ է:

Նախաքննության ժամանակ տված տուժողի ներկայացուցիչ, Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչ Սամվել Օհանյանի ցուցմունքով 2013 թվականի մարտի 1-ին Կարեն Կիրակոսյանի կողմից վնասված Արմավիրի մարզի Պտղունք գյուղում տեղադրված ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայությանը պատկանող «Մուլտառադառ SDե տեսակի լուսանակարահանող 2 արագաչափ սարքերը դեպքից հետո վերանորոգվել են «Էլլիպս Ջի էյե ՍՊ ընկերության կողմից ու փոխարինված դետալների արժեքը կազմել է 375.000 ՀՀ դրամ, իսկ կատարված աշխատանքների ծախսը` 25.000 ՀՀ դրամ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում նշված լուսանկարահանող արագաչափ սարքերը վնասելու հետևանքով ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատճառված 400.000 ՀՀ դրամ գումարը չի վերականգնվել, որի համար բողոքում է Կարեն Կիրակոսյանի դեմ և ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության։

Քրեական գործի դատական քննության ժամանակ տուժողի ներկայացուցիչ Սամվել Օհանյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքները, հայտնել, որ պատճառված նյութական վնասն ամբաստանյալ Կարեն Կիրակոսյանի կողմից վերականգնվել է 2014 թվականի մարտի 3-ին, ՃՈ ծառայությունը գույքային պահանջ չունի, պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը, որպես հանցանք` ապավինում է դատարանի արդարացի լուծում։ Գույքային վնասը բավարարված է, սակայն ամբաստանյալ Կ. Կիրակոսյանն իր գործողությամբ վնաս է հասցրել հասարակական հարաբերություններին, և դա է պատճառը, որ ինքը հաշտվելու եզրեր չի տեսնում. նա իր գործողությամբ կատարել է քրեական արարք։

Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Կարեն Կիրակոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանք է դիտել այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել և զղջում է կատարածի համար, նախկինում դատված, արատավորված չի եղել, խնամքին է անչափահաս երեխան, դրականորեն է բնութագրվում իր բնակության վայրի հարևանների կողմից, կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, գտնվել է հետախուզման մեջ։

Դատարանը վճռել է քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և հանցագործության գործիք հանդիսացող քլունգը, ամբարձիչը, ամբարձիչի գլխիկի դետալը, վերադարձնել ըստ պատկանելության` Կ. Կիրակոսյանին, իսկ արագաչափ սարքերի բազմաթիվ ապակու կտորները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոչնչացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել