«Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող փոխգնդապետի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի Պաշտպանության նախարարության Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։

Սամվելյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը,  ուղարկվել են ՊՆ քննչական ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.–ի 235–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ավելի ուշ պարզվել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել