Դատախազությունում պաշտոնի նշանակելը

1. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

2. Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:

3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

4. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ օրենքով նախատեսված հիմքերով ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:

5. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

6. Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել