Ռ.Մելիքսեթյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության, երրորդ անձինք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Արմեն Գրիգորյանի` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության հարկադիր կատարող Ս.Վարդանյանի 17.06.2011 թվականի Թիվ 01/11-935/10 կատարողական վարույթն ավարտելու մասին և նախկին աշխատանքում վերականգնելու Թիվ 01/11-800/10 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 2009 թվականին դիմելով ՀՀ վարչական դատարան՝ խնդրել է վերացնել ՊԵԿ նախագահի 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը` աշխատանքից ազատելու վերաբերյալ, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդը։ ՀՀ վարչական դատարանի 09.06.2009 թվականին մասնակիորեն բավարարել է հայցը, այն է՝ վերացրել է ՊԵԿ նախագահի 23.02.2009 թվականի թիվ 1/120 հրամանը Ռ.Մելիքսեթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, սակայն մերժել է աշխատանքում վերականգնելու պահանջը, որի պատճառով էլ հարկադիր պարապուրդի վճարումը վճռել է մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 04.12.2009 թվականի որոշմամբ բեկանել է թիվ ՀՀ վարչական դատարանի վճիռը աշխատանքում չվերականգնելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության։ ՀՀ վարչական դատարանն իր 23.03.2010 թվականի վճռով Ռ.Մելիքսեթյանին վերականգնել է նախկին աշխատանքում։ Վճռի դեմ պատասխանողը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է ընդունել վարույթ և վարչական դատարանի 23.03.2010 թվականի վճիռը ստացել է օրինական ուժ։
17.06.2010 թվականին համաձայն օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի վճռի` հանվել է կատարողական թերթ դիմումատուին նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ և հանձնվել ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն վճիռը հարկադիր կարգով կատարելու համար։ 04.08.2010 թվականին ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցվել է թիվ 01/11-935/10 կատարողական վարույթը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին՝ հրամանը վերացնելու և դիմումատուին նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ։ Ի պատասխան դիմումատուի բազմաթիվ դիմումների վճռի պահանջները կատարելու վերաբերյալ ԴԱՀԿ ծառայությունը հայտնել է, որ ՊԵԿ-ը գրավոր պատասխանել է, որ նշված հաստիքը թափուր չէ և չի կարող դիմումատուին վերականգնել նախկին աշխատանքում։
Դատարանը գտել է, որ բացակայում են Ռ.Մելիքսեթյանի նախկին աշխատանքային հաստիքում նշանակված հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու` օրենքով նախատեսված հիմքերը, որպիսի պայմաններում պետք է փաստել, որ Ռ.Մելիքսեթյանի նախկին աշխատանքային հաստիքը թափուր չլինելու հանգամանքը իրավմամբ կարող է անհնարին դարձնել Ռ.Մելիքսեթյանին նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատական ակտի կատարումը։ Դատարանը եզրակացրեց, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ս. Վարդանյանի 17.06.2011թ. «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, համաձայն որի ավարտվել է Ռ.Մելիքսեթյանին նախկին աշխատանքում վերականգնելու թիվ 01/11-800/10 կատարողական վարույթը, ընդունվել է ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջների ճիշտ կիրառմամբ, որպիսի պայմաններում բացակայում են այդ որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը, ուստի հայցվորի փաստարկները անհիմն են և ենթակա մերժման։
Ուստի դատարանը վճռեց Ռ.Մելիքսեթյանի հայցը բավարարել մասնակի։ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության հարկադիր կատարող` Ս. Վարդանյանի 17.06.2011 թվականի թիվ 01/11-935/10 Կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը։ Մանացած մասով հայցը մերժեց:
Աղբյուրը` Իրավաբան.net