Քաղաքապետի անդրադարձը՝ քաղաքային տրանսպորտի սպասարկման, վթարային պատշգամբների և այլ խնդիրներին

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին: Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը:

Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը, իսկ շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին ուղղորդել բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրել է, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում` Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի միջոցներ են հատկացվոuմ այս ծրագիրն իրականացնելու համար: Սակայն լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով բնակիչների ու անցորդների անվտանգությունը: Խնդրի առնչությամբ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է համատիրությունների հետ համատեղ բացատրական աշխատանքներ տանել բնակիչների հետ՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը:

Խորհրդակցության ժամանակ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև քաղաքային տրանսպորտի սպասարկման խնդիրներին՝ ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ դնելով հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և շարժակազմի անխափան շահագործմանը:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել