Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտպանության նախարարության ավագ սպա, կոչումով` կապիտան Կ.Միրզոյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Միրզոյանը 2013թ. մարտի 2-ին իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակով պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 99-րդ կետերի պահանջները:
Նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ` Կ.Միրզոյանը ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Զազ-ՍԵՆՍ» մակնիշի ավտոմեքենային, բախվել վերջինիս, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: