Ավարտվեցին ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված խորացված դասընթացները

Այսօր՝ հունիսի 8-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրի խորացված դասընթացներն ավարտվեցին։ Հասարակական կազմակերպությունների 15 մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը՝ շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, նշեց՝ վստահ է, որ ՀԿ ներկայացուցիչները ստացած հմտություններն ու գիտելիքները կկիրառեն աշխատանքային գործունեության մեջ։

Անի Հարությունյանը, ով ներկայացնում էր «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց, որ կազմակերպված դասընթացները ոչ միայն տեսական, այլև պրակտիկ հմտությունների են տվել մասնակիցներին․  «Այս ծրագրի շրջանակներում կարևոր է դասընթացը, որովհետև ծրագիրն անում է մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակում, շահերի պաշտպանություն,  ու հենց ծրագիրը սկսելուց անմիջապես առաջ նմանատիպ դասընթաց կազմակերպելը, կարծում եմ, շատ կարևոր էր»,-ասաց նա։

Վայոց Ձոր մարզի «Հույս 98» ՀԿ նախագահ Ալմաստ Սաֆարյանը նշեց, որ  շատ գիտելիքներ է ստացել հատկապես շահերի պաշտպանության ոլորտում, որը հետագայում կօգտագործի կազմակերպության տարբեր ծրագրերի համար։ «Բավականին ժամանակ է, որ ՀԿ ունենք, բայց կարծում եմ, որ ամեն անգամ նման հանդիպումներն ու դասընթացները պետք են, որպեսզի մեր գիտելիքներն ավելի խորացնենք ու ավելի ճիշտ գործունեություն ծավալենք մեր մարզերում»,-ասաց Ալմաստ Սաֆարյանը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել