Ես չեմ նեղանում ոչ մեկից, բացի սահմանն անցածներից՝ որոնց արհամարհում եմ․ Տիգրան Աթանեսյանը՝ իր հասցեին հնչեցված վատ խոսքերի մասին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հասցեին հանրության կողմից տարատեսակ մեկնաբանություններ են արվում, բուռն քննարկումներ են գնում, շատերը ֆեյբուքյան իրենց էջերում վատաբանող գրառումներ են անում՝ այդ թվում, հանրությանը հայտնի անձիք։

Թե ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել փաստաբանը, Իրավաբան․net-ը ճշտենց հենց Տիգրան Աթանեսյանից։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր հասցեին հնչած բոլոր վատ խոսքերն անհիմն ու անտեղի են, պատճառ չունեն։

«Ես ոչ մի նման առիթ չեմ տվել, ես կատարել եմ իմ փաստաբանական աշխատանքը և առանց ավելորդ համեստության, կարող եմ ասել, որ այն կատարել եմ՝ լավ։ Բոլոր իմ հայրենակիցներին, որոնք իրական դեմքեր են ֆեյսբուքյան տիրույթում և «ֆեյքեր» չեն, ես մաղթում եմ խոհեմություն, հանդարտություն»,-նշեց Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքով, դատական գործերով է, որ մարդկանց մեջ իրավագիտակցություն է փոխվում և հիմա էլ Հայաստանն այդ փուլում է․ «Ես չեմ նեղանում ոչ մեկից, իհարկե բացի սահմանն անցածներից, որոնց պարզապես արհամարհում եմ, եթե մարդն անցնում է սահմանը, նա ուղղակի մարդ չէ»,-ասաց նա։

Նա իրեն սուր և էմոցիոնալ քննադատողներին մաղթեց, որ հետևեն գործին մինչև վերջ ու տեսնեն հանգուցալուծումը։

«Ես վստահ եմ, որ օբյեկտիվ քննության դեպքում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Եվ թող բոլորին՝ մեծ, թե փոքր, ջղայն թե հանգիստ, տրամաբանական, թե ոչ տրամաբանական, թող պարզ դառնա, թե ինչ է դատական գործը, ինչպես պետք է դրան վերաբերվել, որ արագ մեղադրյալ փնտրելը շատ վտանգավոր է, դա ստալինիզմ է։ Ես հասկանում եմ, որ այս հեղափոխական, էմոցիոնալ այս գեղեցիկ ալիքի վրա մարդիկ շատ բան են պահանջում, արդարություն են պահանջում, պատիժ են պահանջում, շտապում են, քրեական դատավարության կանոններն իրենց հետաքրքիր չեն, բայց այդպես չէ․․․ Թող հետևեն գործին, և երբ այս գործը ստանա իր հանգուցալուծումը, թող ամեն մեկը  հիշի, թե ինչ էր այսօր գրում»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա նաև նշեց, որ իր մասին վատաբանողները ոչ թե Տիգրան Աթանեսյանին են վիրավորում, այլ պատերազմում են իրանց իսկ իրավագիտակցության հետ կամ էլ ի ցույց են դնում իրենց իրական ներքին աշխարհը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել