Միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասում մանկապարտեզ կկառուցվի

Գործադիրը վաղը՝ մարտի 29-ի հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասում մանկապարտեղ կառուցելու մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարաությամբ նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան համայնքում կառուցել մանկապարտեզ: Մանկապարտեզը նախատեսված է կառուցել ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 3.169 հեկտար սպասարկման հողամասում:

Միաժամանակ ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան համայնքի ղեկավարը ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան Վարչություն է ներկայացրել մանկապարտեզի շենքի կառուցման ծրագիր՝ համաձայն որի նախատեսվում է Շենավան համայնքում կառուցել 300-400 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենք, որը հնարավորություն կտա համայնքում առկա թվով շուրջ 90 երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն:

Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել շուրջ 13 միլին 850 հազար դրամի ներդրում, որից 7 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է 2017 թվականին, իսկ մնացած շուրջ 6 միլիոն 850 հազար դրամը նախատեսվում է իրականացնել 2018-2019թթ-ին /2018թ-ին՝ շուրջ 2 միլիոն 850 հազար ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 4 միլիոն ՀՀ դրամ:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել երեխաների ապահով կրթության և դաստիարակության ճիշտ կազմակերպումը:

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Արագածոտնի մարզի Շենավան համայնքում գտնվող «Շենավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 3.169 հեկտար մակերեսով հողամասից 0.3 հեկտար մակերեսով հողամասը՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ 1,5 միլիոն դրամ գնահատված արժեքով  նվիրաբերել Արագածոտի մարզի Շենավան  համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել