Կառավարությունը կքննարկի դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը

Կառվարությունն այսօր՝ մարտի 6-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ կքննարկի դեղերը դեղատոմսով դուրս գրելու մասին ընդունված որոշումը մասնակի կասեցնելու մասին հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրս գրում  և բաց թողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի: Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն  որոշումը` ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանելով  2018 թվականի փետրվարի 28-ը: Սակայն, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ  միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:

Եթե որոշումն ընդունվի, ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

 Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել