Քաղաքացին պետք է իմանա, թե երբ վարչական մարմինը կարող է կարճել վարույթը

Քաղաքացիները շատ հաճախ իրենց իրավունքների պաշտպանության համար մինչև դատարան դիմելն առնչվում են այս կամ այն վարչական մարմինների հետ:

Վարչական մարմինները երբեմն անօրինական կամ անհիմն պատճառներով կարճում են հարուցված վարչական վարույթը:

 

Այս արատավոր պրակտիկայի դեմ պայքարելու համար քաղաքացին պետք է իմանա, թե երբ վարչական մարմինը կարող է կարճել վարույթը: Այսպես.

 

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`

 

ա) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.

 

բ) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.

 

գ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

 

դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.

 

ե) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

 

ե1) լրացել է օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.

 

զ) դիմումն անթույլատրելի է:

 

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է Վարչարարության և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված(բողոքարկման կարգը) դեպքերում:

 

Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`

 

ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.

 

բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

 

Վարչական մարմինը վարչական վարույթի կարճման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին:

 

Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել