ՀՀ ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երեւան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երեւանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի` օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ.-ի գլխին եւ մարմնական վնասվածք պատճառել վերջինիս:

Դեպքի առթիվ 09.01.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երեւանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ.-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ.-ին ՀՀ ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

14.09.2017թ.-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել