Մինչև այսօր ես սպասում եմ, որ ինձ «գործից» հեռացնեն․ Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Իրավաբան.netի հետ ամանորյա զրույցում նշում է, որ չստացված նվերների համար չի հուսահատվում, իսկ Ձմեռ պապի համար հետաքրքիր պաշտոն է մտածել։

-Անի, ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։

-2017 թվականը ընտրական հագեցած տարի էր՝ Ազգային ժողովի ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ։ Այս տարի «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ Ազգային ժողովում ունենք 9 պատգամավոր և Երևանի ավագանիում՝ 14 անդամ։ Ինձ համար քաղաքական առումով մեծագույն ձեռքբերումն այն էր, որ մենք կատարեցինք մեր՝ քաղաքական սերնդափոխության խոստումը։ Եվ այդ գործընթացը շարունակական է, որովհետև «Ելք» դաշինքի համեստ հաղթանակները մեծ և բարդ ճանապարհի սկիզբն են։

Ցանկացած անհաջողություն մենք դիտարկում ենք որպես հնարավորություն, այդ իսկ պատճառով չեմ կարող ֆիքսել որևէ բան։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ես կարծում եմ այդ մարդը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանն է, որի համառ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու փոքրամասնության նիստերն ու որոշումները ճանաչեց հակասահմանադրական։ Դա կարևոր իրադարձություն էր` հաշվի առնելով, որ ՏԻՄ օրենքի որոշ դրույթներ հակաժողովրդավարական էին։

-Աշխատանքային ի՞նչ զավեշտալի դեպքեր են պատահել։

-Երբ ստանձնեցինք ավագանու անդամի պարտականությունները արդեն ամառ էր և գրեթե միակ համաքաղաքային տհաճ խնդիրը աղբի կուտակումներն էին։  Մեզ շատ հաճախ էին ֆեյսբուքում նշում աղբի նկարների վրա կամ զանգում էին։ Իմ հեռախոսահամարը, բնականաբար, հրապարակված էր։ Եվ ես հուլիսյան մի օր զանգ ստացա մի կնոջից։ Սկզբում բարկացած տոնով հարցրեց, թե ինչու չենք գալիս աղբը հավաքելու։ Ես նրան ասացի, որ ես աղբահավաք ծառայությունից չեմ, բայց կզանգեմ հիմա թեժ գիծ և խնդիրը կլուծվի։ Այդ կինը ավելի բարձրացրեց ձայնը, թե՝ «զզվեցրիք ձեր «թեժ գծերով», իմ հարկերից փող եք ստանում, գործ չեք անում։ Ձեր բան ու գործն ինչ ա, որ ասում ես «թեժ գիծ», աղջիկ ջան»։ Հետո ամենազավեշտալին այն էր, որ այդ կինը սպառնաց զանգել քաղաքապետարան, որպեսզի ինձ գործից հեռացնեն։ Բնականաբար, ամբողջ խոսակցության ընթացքում նա ինձ հերթ չտվեց՝ բացատրելու, թե ում է զանգել։ Բայց ես հասկացա նաև, որ դրա վրա կծախսեմ իմ թանկագին ժամանակը։ Միայն կտրուկ ընդհատեցի ու ասեցի՝ զանգեք թող հեռացնեն։ Մինչև այսօր ես սպասում եմ, որ ինձ  «գործից» հեռացնեն։

Фото Ani Samsonyan.

Քաղաքացիների մեծամասնությունը պատկերացում չունի համայնքի կառավարման և ավագանու անդամների գործառույթների մասին։ Եվ քանի դեռ մենք միջոցներ չձեռնարկենք նրանց տեղեկացվածության և իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նմանատիպ զավեշտալի դեպքեր հաստատ շատ կլինեն։

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում։

-Քանի որ սա իմ՝ որպես ավագանու անդամի, գործունեության առաջին տարին էր, ինձ զարմացրեց և շարունակում է զարմացնել այն փաստը, որ մինչև Երևանի քաղաքապետը խոսում է մեծ և հավակնոտ ծրագրերից, այդ ընթացքում օրինակ՝ թաղապետերը կարող են փոքր գումարներ գրպանել բյուջեից և չպատժվել։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ պատգամավոր, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Կարծում եմ Ձմեռ պապիկը պրագմատիկ կերպար է․ պատգամավորի պաշտոնում հաստատ կձանձրանար։ Երևի թե վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։ Ամենանորաձև պաշտոնն է։ Համ էլ Ձմեռ Պապը վարչապետին կսովորեցնի բարիքների բաշխման արդար ձևերը։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորը նշում եմ գրքերիս հետ։ Կարծում եմ ինքնակրթումը նոր տարվա համար խոստումնալից սկիզբ է։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք: 

-Երբ ծնողներիս հետ էի բնակվում, մայրս էր խոհանոցի տերն ու տիրակալը։ Հետո սկսեցի Ամանորը նշել ոչ ավանդական կերպով՝ երբեմն ուղևորություններ, երբեմն՝ հանգիստ, հետևաբար, նաև խոհանոց մտնելու առիթ չի լինում։

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Աշխարհից ակնկալում եմ համագործակցություն։

Տարածաշրջանից՝ խաղաղություն

Հայաստանից ՝ ողջամտություն։

Երևանի քաղաքապետարանից՝ խոստումների իրագործում։

«Ելք» դաշինքից՝ համբերություն։

Լուսավոր Հայաստան Կուսակցությունից՝ համառություն։

Ինձնից՝ նոր թևեր։

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր: 

-Այո, շատ։ Բայց ես համառ եմ՝ ամեն տարի խնդրում եմ։ Մի օր հաստատ կբերի։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել