Համեստ չեմ գտնվել և Ձմեռ պապիկից չափազանց շատ բան եմ խնդրել․ Անահիտ Մանասյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավագիտության թեկնածու Անահիտ Մանասյանը։

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2017 թվականը չափազանց հետաքրքիր տարի էր ինձ համար: Այն առանձնացավ ինչպես գործունեության մի շարք նոր ոլորտներով, որոնցում սկսեցի ներգրավվել, այնպես էլ նախկինում արդեն իսկ սկսված ընթացիկ գործունեության հաջող շարունակությամբ: Բնականաբար, գործունեության բոլոր ոլորտների մասին այս համատեքստում հնարավոր չէ խոսել, սակայն մի քանի կարևոր հանգամանք կցանկանայի առանձնացնել:

Առաջին հերթին կարևորում եմ այն, որ 2017-ին սկսեցի համակարգել ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտական գործունեությունը: Նշեմ, որ գիտական աշխարհը, կրթական ոլորտը, գիտավերլուծական աշխատանքը, դատական և իրավապահ մարմինների համակարգերն ինձ համար նոր չեն, և մասնագիտական գործունեությունս միշտ էլ այդ բնագավառների համատեքստում եմ իրականացրել: Այդ տեսանկյունից ինձ համար անչափ հետաքրքիր և պատասխանատու էր այդ բոլոր կոմպոնենտների առկայությունը ենթադրող գործունեության իրականացումն ու համակարգումը սկսելը:

2017-ի ձեռքբերումներին առնչվող և ինձ համար բացառիկ կարևորություն ունեցող մի հանգամանք ևս կա, որն անկասկած կուզենայի շեշտադրել: Արդեն երկար ժամանակ է հետազոտություն էի իրականացնում ժողովրդավարության դոկտրինի, վերջինիս առնչվող տեսությունների և դրանց վերաիմաստավորման առնչությամբ: Այս տարի կարողացա այդ հետազոտությունը հաջող ավարտին հասցնել: Կարծում եմ՝ իրավական, փիլիսոփայական, քաղաքագիտական և սոցիոլոգիական ասպեկտների համադրմամբ հետաքրքիր, համակարգային և ամբողջական հետազոտություն է ստացվել: Քանի որ սահմանադրագիտության բնագավառում գիտական գործունեությունս իմ մասնագիտական կյանքի ամենակարևոր տարրերից եմ համարում, այս հանգամանքն ինձ համար հատկապես կարևոր էր:

Նշեմ, որ 2017-ին հաջողությամբ շարունակել եմ նաև դասախոսական աշխատանքս, օտար լեզուների ուսումնասիրությունը, հետաքրքիր ճանապարհորդություններ եմ ունեցել: Մարդկային հարաբերությունների տեսանկյունից ինձ համար շարունակում են կարևոր մնալ այն մարդիկ, ում հարազատ ու թանկ եմ համարել: Այնպես որ, 2017-ն ընդհանուր առմամբ հետաքրքիր և հաջողված տարի եմ համարում:

Ինչ վերաբերում է բացթողումներին, նշեմ, որ իհարկե բոլորիս կյանքում էլ կան երևույթներ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում մեր պատկերացումներին կամ ցանկություններին: Ես էլ այդ առումով բացառություն չեմ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին զգացմունքային մարդ եմ: Միևնույն ժամանակ նշեմ, որ թե մարդկային և թե գործնական հարաբերություններում ես իմ բնույթով մաքսիմալիստ եմ, նվիրվող, միշտ ձգտում եմ առավելագույն նպատակների և դրանց հասնելու համար առավելագույն հնարավոր ջանքերն եմ գործադրում: Իհարկե, մի կարևոր սկզբունք ունեմ այդ համատեքստում՝ երբեք վնաս չպատճառել դիմացիններին, անվերապահ հարգանք դրսևորել նրանց արժանապատվությանը և հանգիստ լինել խղճիս առջև: Հետևաբար, այն բոլոր երևույթները, որոնք իմ կյանքում կամ մասնագիտական գործունեությանս շրջանակներում իմ ցանկացածի կամ պատկերացրածի պես չեն, բացթողում չեմ համարում, այլ այդ երևույթները հաշվի առնելու, անհրաժեշտության դեպքում դրանք շտկելու փորձեր կատարելու՝ ինձ տրված հնարավորություններ կամ երբեմն նաև՝ հետագայի տեսանկյունից կենսական ու գործնական շատ ավելի լավ լուծումներ, քան ես ինքս կարող էի պատկերացնել կամ նախագծել:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև բազմաթիվ իրավաբաններ ունենք, ովքեր աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով, և ես նրանց չափազանց հարգում եմ: Հետևաբար, երևի թե ճիշտ կլինի, որպեսզի ես նեղացնեմ շրջանակը և այս համատեքստում խոսեմ իմ նեղ մասնագիտական, այն է՝ սահմանադրագիտության բնագավառում աչքի ընկած մասնագետի մասին: Այդ տեսանկյունից կուզենայի առանձնացնել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ես առհասարակ նրան իմ ուսուցիչն եմ համարում և կարծում եմ, որ հայ սահմանադրագիտության զարգացման և մեր սահմանադրական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում նրա ավանդն իրոք անհերքելի է:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Ես, առհասարակ, իմ բնույթով քննադատող մարդ չեմ, և, սովորաբար, մարդկանց, նրանց գործունեությանն ու երևույթներին փորձում եմ գնահատականներ չտալ: Եթե նույնիսկ հանդիպում եմ մասնագիտական տեսանկյունից ոչ ընդունելի լուծումների կամ զավեշտալի իրավիճակների, փորձում եմ իմ իրավասության շրջանակներում դրանց համար համարժեք լուծումներ գտնել: Նման դեպքերն էլ քննարկում եմ սոսկ այնպիսի մասնագիտական հարթակներում, որոնք խորը վերլուծության հնարավորություն են տալիս: Կարծում եմ, որ Ամանորյա այս հարցազրույցի շրջանակներում նման խորը վերլուծությունն իրականում տեղին չի լինի: Դեպքերի ընդհանրական թվարկումն էլ էթիկապես կոռեկտ ու պրոֆեսիոնալ մոտեցում չեմ համարում: Հետևաբար, նման ընդհանրական վկայակոչումներից այս համատեքստում ձեռնպահ կմնամ:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ես ինձ մասնագիտական հետաքրքիր, ինչ-որ առումով նաև հարուստ փորձառություն ունեցող մարդ եմ համարում: Հետևաբար, գործունեությանս այս փուլում արդեն գործնական շատ քիչ իրավիճակներ կամ երևույթներ են հանդիպում, որ ինձ զարմացնում են: Մյուս կողմից էլ բավականին էմոցիոնալ ու զգացմունքային մարդ եմ, ու դրական առումով հետաքրքիր երևույթները ինձ վրա ազդեցություն թողնում են: Հետևաբար, այս համատեքստում կխոսեմ ոչ այնքան ինձ զարմացրած, որքան տպավորած երևույթների մասին:

Այս տարի ունեցածս նման տպավորություններից կառանձնացնեի Ինդոնեզիա կատարած աշխատանքային այցս:

Ընդհանրապես սիրում եմ ճանապարհորդել, առավել ևս հետաքրքիր ու ինքնատիպ մշակույթներ բացահայտել: Պետք է նշել, որ նույնիսկ ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում ազգային մշակույթն իր անհերքելի հետքն է թողնում երկրի իրավական համակարգի վրա: Ինդոնեզիան այս տեսանկյունից չափազանց հետաքրքիր իրավական մշակույթ ունեցող երկիր էր թե մարդկանց սոցիալական վարքագծի, թե նրանց աշխատանքային և պաշտոնեական վարքագծում դրա արտահայտության, թե իրավակարգավորումների և թե իրավամտածողության տեսանկյունից: Հետևաբար, այս տարվա գործունեությանս ամենահետաքրքիր էջերից ու վառ տպավորություններից մեկը հենց այս իրավական մշակույթին ծանոթությունս եմ համարում:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան: 

-Իմ կարծիքով, կյանքում բոլորն իրենց կանխորոշված դերերն ունեն, և Ձմեռ պապն էլ բացառություն չէ: Մանկուց Ձմեռ պապն ինձ համար եղել է և շարունակում է մնալ անսահման բարության խորհրդանիշ, հեքիաթային կերպար: Ձմեռը, ավելի ճիշտ ձյունառատ ձմեռը իմ սիրելի եղանակն է: Ինձ համար հեքիաթը միշտ ասոցացվել է ձմեռային նման տեսարանի հետ, Ձմեռ պապն էլ իմ հեքիաթի գլխավոր հերոսն է եղել: Հետևաբար, նրա դերը փոխել միանշանակ չէի ցանկանա: Առավել ևս այն պարագայում, երբ կենսական հիմնախնդիրների հետ կապված ցանկացած մասնագիտություն իր հետ բերում է գործնական հմտությունների անհրաժեշտություն, իրավաբանի մասնագիտությունն էլ մեծ օբյեկտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ բարությունը օբյեկտիվ լինելուն հաճախ է խանգարում: Հետևաբար, իրավաբան լինելու պարագայում Ձմեռ պապն ինքն իրեն ներդաշնակ չէր զգա, արդյունքում իր իրական դերն էլ թերի կկատարեր: Կարծում եմ, որ նա շատ ավելի լուրջ ու կարևոր մասնագիտություն ու պաշտոն ունի, և ինձ պես միլիոնավոր մարդկանց համար հեքիաթի մարմնավորում ու բարության խորհրդանիշ է: Հետևաբար, միանշանակ մարդկանց նման դերակատարություն ունեցող կերպարից չէի զրկի և Ձմեռ պապի կանխորոշված դերն ու պաշտոնն էլ երբևէ չէի փոխի:

նչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորի և Սուրբ ծննդյան տոները միշտ ընտանիքով ենք նշել: Մանկության տարիներիս ամենավառ հիշողություններից շատերը հենց այս տոների հետ են կապված: Ծնողներս այս տոները մեզ համար իրական հեքիաթ են դարձրել: Դե, քանի որ մանկական տպավորություններն էլ կյանքի որոշակի հարցերի հետ կապված ընկալումներդ ինչ-որ տեսանկյունից «կարծրատիպային» են դարձնում, ինձ համար Ամանորի և Սուրբ ծննդյան տոները մինչ այժմ էլ ասոցացվում են ինձ համար ամենահարազատ, ամենաթանկ մարդկանց շրջապատի, ջերմ, բարի, սիրով լի միջավայրի, հեքիաթի ու անակնկալների հետ՝ անկախ գտնվելու վայրից կամ որևէ այլ հանգամանքից: Մանկական այդ զգացողություններս ինձ մի կարևոր բան են սովորեցրել՝ քեզ համար հարազատ ու թանկ մարդկանց պետք է կարողանաս անընդհատ հաճելի զգացողություններ պարգևել, իհարկե, նաև ամանորյա հեքիաթային տոներին: Այդ առումով պետք է խոստովանեմ, որ, ի տարբերություն մանկական տարիներիս, այժմ արդեն ես եմ տոնական անակնկալներից շատերի հեղինակը: Ես առհասարակ շատ զգացմունքային մարդ եմ ու ամենափոքր մանրուքները նույնիսկ կարող են տրամադությունս անասելի բարձրացնել: Նույն կերպ մշտապես փորձում եմ ինձ համար հարազատ ու թանկ մարդկանց վերաբերվել: Հետևաբար, ամանորյա տոները կազմակերպելիս ու նշելիս հենց այդ հանգամանքին եմ փորձում առանցքային ուշադրություն դարձնել:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Պետք է խոստովանեմ, որ խոհանցում գլխավոր դերում հազվադեպ եմ հայտնվում: Պատրաստել սիրում եմ մի դեպքում. երբ ուզում եմ ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց ուրախացնել: Մեր խոհանոցում գլխավոր դերակատարն առհասարակ մայրիկս է: Նա շատ համեղ է պատրաստում, հետևաբար ես սովորաբար նրա օգնականի՝ ինձ համար շատ հաճելի պարտականություններն եմ կատարում: Չնայած այդ հանգամանքին՝ մեր տանը մի կարևոր ավանդույթ կա՝ ամանորյա աղցաններն եմ ես պատրաստում: Ասում են, որ բավականին համեղ է ստացվում:

Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-2018-ից, ինչպես գալիք ցանկացած տարուց ակնկալիքները շատ են: 2018-ից առաջին հերթին ակնկալում եմ, որ իրենց հաջող ավարտին կհասնեն կամ իրենց հաջող շարունակությունը կստանան այն բոլոր փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են մեր երկրում հասարակական հարաբերությունների բարելավմանն ու կատարելագործմանը: Ակնկալում եմ, որ մարդիկ շարունակաբար իրենց առավել արժևորված կզգան մեր հասարակական համակարգում, կյանքը մեր հասարակության անդամների համար կդառնա շատ ավելի ներդաշնակ ու համերաշխ: Մասնագիտական շրջանակների տեսանկյունից ակնկալում եմ պրոֆեսիոնալիզմի մակարդակի առավել բարձրացում:

Իմ մասնագիտական գործունեության առումով ակնկալում եմ նախաձեռնածս բոլոր գիտական և այլ նախագծերի հաջող իրականացում: Մարդկային հարաբերությունների տեսանկյունից էլ ակնկալում եմ սիրով, անկեղծությամբ ու բարությամբ լցված հասարակական միջավայրի առկայություն:

՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Անկեղծ ասած՝ այս հարցում ընդհանրապես համեստ չեմ գտնվել և Ձմեռ պապիկից չափազանց շատ բան եմ խնդրել: Աշխարհի ու մեզ շրջապատող միջավայրի համար խնդրել եմ սիրո, իրական ու անկեղծ զգացմունքների, զգացողությունների, բարության առատություն: Ինձ համար հարազատ ու թանկ մարդկանց ու նաև իմ համար խնդրել եմ ներդաշնակություն մեր ներքին ու արտաքին աշխարհի հետ, առողջություն, շատ երջանիկ պահեր ու զգացողություններ:

Նյութականացված նվերներ ինձ համար արդեն երկար ժամանակ է չեմ խնդրում, բայց տարատեսակ հաճելի անակնկալների տեսքով միևնույն է ստանում եմ: Առհասարակ նման անակնկալներն ամենաուրախացնողն ու ոգևորողն են: Հետևաբար, այս տարի ևս այդ սկզբունքով եմ առաջնորդվել: Համոզված եմ, որ նման անակնկալների պակաս չեմ զգա:

Բայց ինձ համար թանկ մարդկանց համար նման մի շարք խնդրանքներով Ձմեռ պապիկին դիմել եմ, ու հուսով եմ, որ այդ նվերներն ու անակնկալները հարազատներիս համար ուրախացնող ու հաճելի կլինեն:

Ամեն դեպքում հուսով եմ, որ 2018-ին իրականություն կդառնա իմ ամենամեծ ցանկությունը՝ սիրո, անկեղծության ու բարության առատությունը մեզ շրջապատող միջավայրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել