Նորություններ

Որքանո՞վ էր իրավաչափ ՃՈ-ի կողմից Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումը

Իրավաբանական գիտությունների թեկնածու Թամարա Շաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի պատասխան ինձ ուղղված բազմաթիվ հարցադրումների՝ կապված ՃՈ-ի կողմից Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակման իրավաչափության վերաբերյալ

Հարցն անհրաժեշտ է ներկայացնել մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ այդ տեսանյութը վարչական վարույթի նյութ է հանդիսանում ու, թերևս, սա անվիճելի է: Մասնավորապես, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները (վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման կարգավորումները) ոստիկանի կողմից, որ պարտավոր էր ճեկ-ի պահանջների խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, համապատասխան գործողության կատարման պահից վարչական վարույթը համարվում է հարուցված: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորումների համաձայն՝ վարչական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք ունեն վարչական վարույթի մասնակիցները համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:
Տվյալ օրենքը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՎԻՎՕ-ը չեն սահմանում որևէ դրույթ, որը հնարավորություն կտա վարչական մարմնին վարչական վարույթի նյութերը հրապարակայնացնելու:
Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ապա հարկ է նշել, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով՝ անձնական տվյալ է հանդիսանում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը (այսինքն՝ անձի անունը (Burghartz v. Switzerland, 22.02.1994, Series A, N 280-B, p. 28), պատկերը (Schussel v. Austria, 21.02.2002, N 42409/98), սեռը, այլ անձանց հետ շփումների շրջանակը և այլն (Peck v. United Kingdom, N 44647/98, § 57, 08.01.2003,): Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝ տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, և մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝ տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները: Այս համատեքստում պետք է նշել, որ չնայած համացանցում տարածված կարծիքներին, կարծում եմ ոստիկանության գործողությունները օրինական են, քանի որ տեսանկարահանումը տեղի չի ունեցել գաղտնի, հանրությունն իրազեկված է եղել ոստիկանների կողմից իրենց համազգեստի մաս կազմող դյուրակիր տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրումների մասին: Ուստի տվյալ դեպքում, կարծում եմ, տվյալների մշակման համար սուբյեկտի համաձայնությունը, ըստ վերը նշված կարգավորումների, համարվում է տրված:
Վերը նշված օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ: Նույն օրենքի 3-րդ հոդվածի իմաստով անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` համարվում է անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը:
Հարցը պետք է դիտարկել նշված իրավակարգավորումների տեսանկյունից: Ու եթե նույնիսկ ոստիկանությունը չի հանդիսանում տվյալ դեպքում անձնական տվյալ մշակող, ապա այնուամենայնիվ, որևէ իրավական ակտով ոստիկանությանը չի թույլատրվում առանց վարչական իրավախախտում կատարած անձի համաձայնության անձնական տվյալները հրապարակել, այսինքն՝ այդ տվյալները մատչելի դարձնել հասարակությանը, ավելին՝ այս դեպքում արդեն պարզ է, որ խոսք չի կարող լինել բավարար պաշտպանության մակարդակի մասին ևս:
Ինչ վերաբերում է նախականխիչ միջոցառումների իրականացմանը, հանրային շահերի պաշտպանությանը, որոնք այս տեսանյութի տարածման հիմնավորումներից են, ապա հարկ է ընդգծել, որ տվյալ դեպքում տեսանյութում անձի պատկերը պետք է մգեցված լիներ, եթե այն ուղղված չէր նրա անհատական տվյալների բացահայտմանը: Այս համատեքստում նշեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված անձնական տվյալների պաշտպանության իրավունքը սահմանափակվող իրավունք չէ նույնիսկ հանրային շահերի պաշտպանության հիմքով, սահմանափակվող է անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը: Պետք է ընդգծել նաև, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում չկա նորմ, որ հնարավորություն կտար անձնական տվյալների մշակումը կամ տարածումը թույլատրելի համարել, եթե մշակվել, այդ թվում` տարածվել է, այնպիսի տեղեկություն, որի` անձնական տվյալ համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից:
ՄԻԵԴ-ը գտնում է, որ անձնական տվյալների պաշտպանությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի իրացման համար ունի կարևոր նշանակություն և ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի դրա պաշտպանության համապատասխան միջոցներ, որպեսզի բացառվի անհատականացնող տվյալների հրապարակումը: Ուշադրության է արժանի ՄԻԵԴ- դիրքորոշումները Peck v. United Kingdom, N 44647/98, 08.01.2003, գործով. ընդ որում՝ այս գործում դիմողը վիճարկում է ոչ թե իր կողմից իրավախախտում կատարելու հանրային տեսանկարահանման իրականացումը, այլ իրավասու պետական մարմինների կողմից այդ տեսանկարահանման տարածումը: Այս գործով ՄԻԵԴ-ը ողջունում է տեսախցիկների առկայությունը, որպես հանցագործությունների նախականխման և բացահայտման արդյունավետ միջոց, միևնույն ժամանակ սակայն նշում, այդ նպատակներին հասնելու այլ միջոցների մասին ևս: Այսպես, առաջին հերթին տեսանյութի տարածման համար անհրաժեշտ է անձի համաձայնությունը, երկրորդ՝ համաձայնության բացակայության կամ այն ստանալու անհնարինության դեպքում անձի պատկերի մգեցումը, որը հնարավորություն չի տա նրան անհատականցնելու:
Վերը նշված համատեքստում ակհայտ է օրենսդրական բացի առկայություն տեսանկարահանման հրապարակման թույլտվության իրավակարգավորումների վերաբերյալ: Անհրաժեշտ է կարգավորել հստակ այն դեպքերը, երբ անձի համաձայնություն չի պահանջվում նման հրապարակումների, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրման համար. միջազգային փորձի ուսումնասիրությունը և ՄԻԵԴ դիրքորոշումները թույլ է տալիս որպես այդպիսին առանձնացնելու օրինակ՝ հանրային շահի պաշտպանության նպատակը, նկարահանումները հանրային միջոցառումների ժամանակ կամ նկարահանումները հանրային անձանց մասնակցությամբ և այլն:

Հ. Գ. Ի գիտություն վարորդների՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է վարչական պատասխանատվություն»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել