Ի՞նչ անել, եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում

Ոչ պարենային ապրանքը հնարավոր է վերադարձնել 14 օրվա ընթացքում: Նախորդ տարվանից օրենսդրական դաշտը կարգավորվեց, այս տարի վերդարձման ենթակա ապրանքի վերաբերյալ փոփոխություններ եղան:

Իրավաբան.net-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի իրավաբան-փորձագետ Արմինե Չախալյանի հետ նոր փոփոխությունների մասին:

Մանրամասները՝ հարցազրույցում:

– Նախորդ տարի օրենսդրական փոփոխություն ընդունվեց, ու սահմանվեց ոչ պարենային ապրանքի փոփոխության նորմերը, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ հիշեցնեմ, որ 2016 թվականի հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով հստակ լուծում է տրվել գնված ապրանքը հետ վերադարձնելու հետ կապված խնդիրներին։

Նախկինում  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը վերնագրված էր հետևյալ կերպ՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքը, որում ասվում էր, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Ներկայումս գործող իրավակարգավորմամբ, կատարված փոփոխություններից հետո՝ նշված օրենքի 23-րդ հոդվածը վերնագրված է այլ կերպ՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը, որում ասվում է, որ սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ։

– Ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները թյուրիմացության մեջ չընկնելու համար:

– Քաղաքացիները, նախ և առաջ, պետք է իմանան, որ իրավունք ունեն փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն այդ ապրանքը իրենց հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, այն դեպքում եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Քաղաքացիները պետք է իմանան նաև, որ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

– Ո՞ր դեպքում քաղաքացին չի կարող վերադարձնել ապրանքը։

– Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը կարող է փոխարինվել կամ վերադարձնել, այն դեպքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նշված են այն դեպքերը, թե երբ սպառողը չի կարող վերադարձնել պատշաճ որակի ապրանքը։

Օրինակ սպառողը չի կարող վերադարձնել պատշաճ որակի ապրանքը, եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե իհարկե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով, կամ օրինակ երբ մատակարարվել են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե իհարկե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով և օրենքով սահմանված այլն դեպքերում։

– Վերջերս կառավարությունը լրացրեց ցանկը, այսինքն` նոր ապրանքատեսակներ մտցրվեցին, ո՞ր ապրանքների մասին է խոսքը:

– Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 6-ին կառավարությունը փոփոխություններ և լրացումներ էր կատարել կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N 77 Ն որոշման մեջ։  Կատարված փոփոխություններով նախ փոխարինել բառը փոխվել է փոխարինել և վերադարձնել բառերով, ինչը հնարավորություն է տալիս սպառողին ոչ միայն փոխարինել, ինչպես նախկինում էր, այլ նաև վերադարձնել որոշման մեջ տեղ գտած ապրանքատեսակները։

Կարևոր է նշել, որ կառավարության կողմից կատարված վերջին փոփոխություններով ընդլայնվել է փոխանակման կամ վերադարձման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ի թիվս այլ ապրանքատեսակների այն այժմ ներառում է նաև  բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ, տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք և այլն:

– Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել ոչ պարենային ապրանքի վաճառքի բնագավառում:

– Լինում են դեպքեր, երբ վաճառողները չեն փոխում կամ հետ վերցնում վաճառված ապրանքը և սպառողը չգիտի, թէ ի՞նչ կարող է անել։ Նշված դեպքում իմ խորհորդը սպառողներին հետևյալն է, եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում, ապա սպառողը կարող է դիմել կա՛մ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին, կա՛մ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժիններին:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել