Փորձել են պայթեցնել ու թալանել «Ամերիաբանկի» բակոմատը

Ապրիլի 6-ին ժամը 04։40-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ պատրաստվում են պայթեցնել «Ամերիաբանկի» բակոմատը։ Այս մասին տեղեկացնում են գերատեսչության լրատվական բաժնից։

«Մեկնած խումբը պարզել է, որ բանկոմատին միացվել է հեղիուկ գազի 3 լիտրանոց բալոն ռետինե խողովակով և 1 լիտր տարողությամբ թթվածնի բալոն՝ փորձելով պայթեցնելու եղանակով գողություն կատարել»,- նշեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ հանցագործները դիմել են փախուստի՝ նկատելով ոստիկաններին։

Հիշեցնենք՝ նմանաբնույթ եղանակով հանցագործություններ կատարվել էին Երևանում նախորդ տարի։ Ըստ ՀՔԾ-ի՝ 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում,  Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի և ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը: Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու և իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ և փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետև, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու և չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում և հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել