Նոր փոփոխություն կլինի քրեական օրենսգրքում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:

Ինչ վերաբերում է «Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի՝ կոռուպցիայի քրեականացման վերաբերյալ» գնահատման զեկույցի 3-րդ եզրահանգմանը, ապա հարկ է նշել, որ իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը ներպետական օրենսդրությամբ իրենից ներկայացնում է ձևական հանցակազմ: Այլ կերպ՝ հանցագործությունն ավարտված է համարվում ենթադրյալ հանցագործի կողմից դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթուղթ կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ դրանք պահանջելու կամ ստանոլւ խոստման կամ առաջարկն ընդունելու պահից, անկախ նրանից՝ հաջողվել է նրան նպաստել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն կամ ծառայության գծով հովանավորչությանը կամ թողտվությանը (իրական ազդեցություն), թե ոչ (ենթադրյալ ազդեցություն): Ուստի, կարելի է փաստել, որ քննարկվող հանցակազմը ձևական դիտարկելը բխում է Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականությունից:

Նախագիծն այսօր կառավարությանը ներկայացրեց նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Գործադիրն այն հաստատեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել