Մենք ունենք ճչացող իրավիճակ և այդ հանձնաժողովը շա՜տ բաներ կարող էր անել. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Իրավաբան.net-ի հարցին, թե տեղյա՞կ եք արդյոք, որ նոր նախագիծ է մշակվել «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին», կարճ պատասխանեց՝ Ե՞վ…:

«Նման այնքան նախագծեր, տեսլականներ են եղել, որ մի հատ ավել, մի հատ պակաս…»,-հավելեց նա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նմանատիպ հանձնաժողովները կարող են գործել արդյունավետ միայն մեկ պարագայում, եթե այդ հանձնաժողովներն անկախ են.

«Եթե կա իշխանություններից հեռու լինելու, որևէ ձևով կապ չունենալու հնարավորություն, և երբ երկրում կան և՛ անկախ դատարաններ, և՛ քաղաքական ու իրավական հակակշիռներ՝ կառավարաման համակարգի մեջ՝ անկախ կլինեն, բայց քանի որ այս բոլորը չկան, ակնհայտ է, որ այն չէր կարող արդյունավետ գործել, հակառակ պարագայում մենք ունենք ճչացող իրավիճակ և այդ հանձնաժողովը շա՜տ բաներ կարող էր անել»,-ասաց նա:

Այն դիտարկմանը, որ հանձնաժողովի կազմը նշանակվելու է նախագահի կողմից և նույնն է լինելու ինչ այժմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ասենք թե այս կազմը չի, մեկ այլ կազմ է նշանակվում, ինչ տարբերություն, իրենք ոչ մի ձևով չեն կարող անկախ լինել: Դա շատ գեղեցիկ մի բան է, որ եվրոպական գործընկերներին ցույց կտանք, թե տեսեք, մենք նման բան ենք անոււմ, ու կասեն մենք հակակոռուպցիոն ծրագրով ենք զբաղված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել