Ընկերության տնօրենը պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.5 մլն դրամ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016թ. հոկտեմբերի 26-ին Աշտարակի նստավայրում դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգով քննեց Սամվել Ղազախեցյանի դեմ հարուցված քրեական գործը: 1956թ. ծնված Սամվել Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ղազախեցյանը 2008թ-ի հունիսի 24-ի դրությամբ հանդիսանալով «Լիսեմար» ՍՊ ընկերության տնօրեն, ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի համայնաքապետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման նպատակով 24.06.2008թ.-ին Բյուրականի համայնքապետարանի հետ կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 22.855.800 ՀՀ դրամ գումարով իրականացրել է Բյուրական համայնքի «Բյուրական-Նոր Ամբերդ-Արագած» ջրագծի շինարարական աշխատանքները: Այդ աշխատանքների կատարման ընթացքում նա դիտավորությամբ, շահադիտական նպատակով փաստացի մասամբ կատարելով նախագծով նախատեսված շինարարական օբյեկտի աշխատանքները, ջրագծի շինարարական աշխատանքների կատարման վերաբերյալ կազմված կատարողական ակտերում կատարել է ծավալային հավելագրումներ, որի արդյունքում Սամվել Ղազախեցյանը, օգտագործելով նշված գումարի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց իրեն վստահված գումարից յուրացնելով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.559.200 ՀՀ դրամ գումար:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ղազախեցյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Մեղադրողը և տուժողի ներկայացուցիչը չեն առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ:

Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Սամվել Հենրիկի Ղազախեցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է և այդ հոդվածով էլ նա պետք է ենթարկվի պատժի:

Միաժամանակ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ս.Ղազախեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով սահմանված սանկցիայով, այն պատճառաբանությամբ, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

Դատավոր Ս. Մնոյանը վճռել է Սամվել Ղազախեցյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով Սամվել Ղազախեցյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցել արգելանքի տակ գտնվելու 4 ամիս 2 օր ժամկետը:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Սամվել Ղազախեցյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել