Իմացել է կնոջ դավաճանության մասին և որսորդական հրացանով կրակել համագյուղացու տան վրա

Վարազդատ Թադևոսյանին (անունը փոփոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջից տեղեկանալով համագյուղացի Արտակ Ղուկասյանի (անունը փոփոխված է) հետ սեռական հարաբերություն ունենալու մասին, վերջինիցս վրեժխնդիր լինելու շարժառիթով, նրա գույքը վնասելու դիտավորությամբ, 2015 թվականին օրինական կարգով իրեն պատկանող որսորդական հրացանից երկու անգամ կրակել է Արտակի տան ննջասենյակի պատուհանին և բաց պատշգամբին՝ վնասելով նրան պատկանող գույքը:

Արտակ Ղուկասյանը, հանդիսանալով Վարազդատ Թադևոսյանի դասընկերն ու համագյուղացին, և նրա հետ գտնվելով բարիդրացիական փոխհարաբերությունների մեջ, հաճախակի հյուրընկալվել է վերջինիս տանը։ 2014թ. դեկտեմբերին Վարազդատ Թադևոսյանը նկատել է, որ կինը` Ֆաինան իրենից ծածուկ բջջային հեռախոսով զրուցում է Արտակ Ղուկասյանի հետ։ Վարազդատ Թադևոսյանն ուսումնասիրել է կնոջ հեռախոսահամարների վերծանումներն ու պարզել, որ սկսած 2014թ. նոյեմբերից նրա և Արտակ Ղուկասյանի միջև եղել են բազմաթիվ հեռախոսազանգեր, ինչի պատճառով ամուսինների փոխհարաբերությունները լարվել են։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆաինան և Արտակ Ղուկասյանը պարզաբանումների ընթացքում Վարազդատ Թադևոսյանին փորձել են համոզել, որ շփվել են միայն հեռախոսազանգերի միջոցով և իրենց միջև որևէ այլ կապ չի եղել, այդուհանդերձ Վարազդատ Թադևոսյանը կասկածել և շարունակաբար կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ։ Ֆաինան, այլևս չհանդուրժելով ամուսնու կշտամբանքները, 2015թ. ապրիլի 27-ին նրան հայտնել է, որ 2014թ. նոյեմբեր ամսին Արտակ Ղուկասյանը բռնաբարել է իրեն, իսկ հաջորդ օրն այդ մասին գրավոր հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Ստեփանավանի բաժնին:

Հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ չի հիմնավորվել և չի հաստատվել Արտակ Ղուկասյանի կողմից Ֆաինա Սուվորովային բռնաբարելու հանգամանքը, ուստի քրեական գործով վարույթը կարճվել է Արտակ Ղուկասյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

2015թ.-ին Ֆաինան, հերթական անգամ փորձելով արդարանալ, Վարազդատ Թադևոսյանին լացակումած հայտնել է, որ կատարվածում ինքը մեղք չունի, չի կարողացել դիմադրել Արտակ Ղուկասյանին։ Քիչ անց Վարազդատ Թադևոսյանին է զանգահարել ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդին, ով հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում, ինչու է մայրը լացում։ Այդ ամենից առաջացած զայրույթն արտահայտելու և Արտակ Ղուկասյանից ինչ որ կերպ վրեժխնդիր լինելու համար, Վարազդատ Թադևոսյանը, 2015թ. մայիսի 14-ին, ժամը 01-ի սահմաններում, իր ավտոտնակից վերցնելով օրինական կարգով իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանը և գնդակներով լիցքավորված 2 փամփուշտներ՝ միայնակ գնացել է Արտակ Ղուկասյանի տան մոտ, և նրա գույքը վնասելու դիտավորությամբ, փողոցից մեկական կրակոց է արձակել հիշյալ տան ննջասենյակի պատուհանի և բաց պատշգամբի ուղղությամբ՝ հանրավտանգ եղանակով վնասելով Արտակ Ղուկասյանին պատկանող գույքը՝ ննջասենյակի պատուհանափեղկը, վարագույրը, պատն ու բաց պատշգամբի կախովի առաստաղը, ինչի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափերի՝ 91.402 դրամի գույքային վնաս, որից հետո նույն ճանապարհով վերադարձել է տուն։

Մինչ դատաքննությունը սկսելը Վարազդատ Թադևոսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:

Մեղադրողը և տուժողը դատական քննության արագացված կարգի կիրառման դեմ չառարկեցին:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով որոշում կայացրեց արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը եկավ այն եզրահանգման, որ Վարազդատ Թադևոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որոնց համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները:

Դատարանը 2016թ.-ին վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքում և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 ամիս ժամկետով:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել 500 հազար դրամ գրավ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել