Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը այս պահին անհրաժեշտ կառույց է. Կարեն Կարապետյան

Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը: Այս մասին հեռուստաընկերությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով  «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող Արամ Աբրահամյանի «Ապօրինի հարստացման քրեականացումը հայտնի տերմին է և որոշ երկրներում կա, որոշ երկրներում չկա: Որտեղ չկա, պարտադիր չէ, որ մեր վիճակը լինի, այսինքն, եթե ես հարստացել եմ ապօրինի, եթե ես գողացել եմ բյուջեից կամ կաշառք եմ վերցրել, ապա դա արդեն իսկ քրեական գործ է և եթե երկրում գործում է օրենքը, ապա ոչ մի բան պետք չի քրեականացնել: Քրեականացված են բոլոր բաները, որոնք անում են մեր չինովնիկները» հարցին:

Նա մասնավորապես նշել է. «Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում»:

Հարցի շարունակությանը, թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կար և ծրագրում ասված է, որ նրա կազմը պետք է վերանայվի, ո՞վ պետք է դուրս գա և ո՞վ պետք է մտնի այդ կազմի մեջ, վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ կառույց է: Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է»:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել