Տեսագրության մեջ պատկերված անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ավտոբուսի մեջ գողացված դրամապանակի մեջ եղել են պլաստիկ քարտեր, որոնցից մեկով Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է արվել գումար կանխիկացնել։ Բանկից նախաքննական մարմինն ստացել է բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է մի երիտասարդ, ով փորձել է գումար կանխիկացնել։ Բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ էր ձեռնարկում՝ պարզելու տեսանյութում պատկերված անձի ինքնությունը: Այդ նպատակով 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածվել է տվյալ տեսագրությունը։

Տեղեկացնում ենք, որ տեսագրության տարածումից հետո տվյալ երիտասարդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Նրա ներկայացրած պատճառաբանության համաձայն՝ ինքը գործարք է կատարել իր քարտով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել