Շուրջ 3 տարի անազատության մեջ գտնվող 28-ամյա Ա․Ա․-ն, ինչպես հայտնի է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գողությանն օժանդակելու մեջ ( գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից): Առաջին ատյանի դատարանը` նախագահող Մեսրոպ Մակյանի, Առուշանյանին դատապարտել էր ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել վերաքննիչ բողոքը: Այս գործով դատաքննությունը ավարտվել է, վճռաբեկ ատյանը մերժել է վարույթ ընդունել Առուշանյանի պաշտպանի բողոքը:
Հիշեցնենք` Ա․Ա․-ի ընտանիքը 3 տարի շարունակ պայքարում է, ժամանակ առ ժամանակ հացադուլ անում և պնդում, որ իրենց որդին դատապարտվել է իր կողմից չարված արարքի համար:
Սույն թվականին մեղադրյալի հայրը` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր հասցեագրել: Պատասխան նամակում նշվել էր, որ ամբաստանյալի ծնողները նախագահի հետ հանդիպում կունենան Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
Իրավաբան.net-ը զրուցեց ամբաստանյալի շահերը ներկայացնող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ: Վերջինս մեզ փոխանցեց, որ մի քանի որ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ա․Ա․-ի գործը ընդունել է վարույթ, ինչպես նաև հաղորդեց, որ կայացել է Առուշանյանի ծնողների և նախագահի միջև հանդիպումը:
Մենք կապ հաստատեցինք նաև Առուշանյանի հոր` Լավրենտի Առուշանյանի հետ. «Մոտ 20 օր առաջ կազմակերպեցին նախագահի հետ մեր հանդիպումը: Մենք նրան ներկայացրել ենք, որ Ա․Ա․-ն մեղսագրվող արարքում մեղավոր չէ: Բնականաբար հանրապետության նախագահը չէր կարող ամբողջությամբ տեղեկացված լիներ, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում: Այսքան ժամանակ մենք փորձում էինք մեր ձայնը հասցնել նախագահին››:
Պարոն Առուշանյանի խոսքով Սերժ Սարգսյանը հանձնարարել է իր խորհդրականին` Գեորգի Կուտոյանին` մեկ անգամ ևս վերանայել գործը, որպեսզի պարզվի արդյոք հիշյալ գործում անօրինականություններ չեն եղել:
Մեր այն հարցին` նրանք ավելի շատ հույսը կապում են նախագահի խոստման, թե՞ ՄԻԵԴ-ի հետ, քանի որ գործն արդեն վարույթ է ընդունել, նա պատասխանեց «Մենք հույսով ու հավատացած ենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով նոր քննություն կսկսվի և գործը կքանդվի: Ուշ թե շուտ արդարությունը կվերականգնվի մեր նախագահի շնորհիվ››:
Պարոն Առուշանյանը նշեց, որ նախագահի հետ հանդիպումից 5 օր հետո որոշում է կայացվել և որդու նկատմամբ նշանակվել է ազատ կալանք:
Լաուրա Մամյան